Մատչելիության հղումներ

Իրադրությունը կրկին լարված է` «հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ զորամասին, բռնկվել է հրդեհ»


Զոհերի ճշգրտված թիվն այսօրվա դրությամբ 105 է, խորհրդարանական ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ, և ակհայտորոն ավելի մեծ է զոհերի թիվը: Եվ ես կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է, և ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ», - նշեց նա:

Վիրավորների մասին տեղեկություն ստանալու համար զանգահարել ՊՆ թեժ գծի հեռախոսահամարով` 1-28, փոխանցում են Պաշտպանության նախարարությունից:

Հայ-ադրբեջանական սահմանին կեսօրից հետո իրադրությունը դարձյալ ծայրահեղ լարվել է: «16:40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, այս պահին այն մարվել է: Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է: Հատկանշանական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին: Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին` ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև», - նշեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով ադրբեջանական կողմը հրթիռահրետանային հարվածների տակ է պահում` թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, հարվածային անօդաչուներ են կիրառվում, հավելեց խոսնակը. «ՀՀ զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` թշնամուն համարժեք պատասխանելու համար»:

Ջերմուկից կանայք և երեխաները տարհանվել են։ Քաղաքը, այստեղ բերող ճանապարհը, հարակից հայկական դիրքերը հրետանային կրակի տակ են:

«Քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի, ելքի ճանապարհը վտանգված է: Անմիջապես միգուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ ծածկույթը չի հարվածվել այս պահին, բայց նրան հարակից հարվածներ ստանում է տարածքը։ Մի խոսքով` մուտքն ու ելքն էլ է վտանգված», - «Ազատությանն» ասաց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը:

Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան, ասաց փոխքաղաքապետը:

Ջերմուկի համայնքապետի տեղակալի տեղեկացմամբ՝ ովքեր չեն կարողացել հեռանալ քաղաքից՝ ապաստարաններում են. «Առաջին պահից, երբ խնդիրը սկսել է, բնակչությունն ինքնակամ քաղաքը լքել է՝ ովքեր ցանկացել են, ովքեր չեն ցանկացել, քաղաքում են, օգտվում են ապաստարաններից, պայքարում են, կռվում են, ով էլ ցանկանում է քաղաքապետարանն աջակցում է, դուրս է բերում։ Եթե տրանսպորտի խնդիր ունեն, տրասնպորտի խնդիրն ենք լուծում, սննդի խնդիր ունեն, սննդի խնդիրն ենք լուծում», - ասաց Սարգսյանը։

Ռազմական օբյեկտներից բացի, թիրախավորված են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելիները: Այսօր հրետակոծվել է Սյունիքի Աղիտու- Նորավան ճանապարհը: Աղիտուի 130 ընտանիքներ տարհանվել են, տեղեկացրեց համայնքապետ Ավետիս Ավետիսյանը:

«Ռմբակոծությունը հիմա էլ շարունակվում է, տարհանված է ժողովուրդը, մնացել են երիտասարդները: Կանայք, երեխաները լրիվ հանած է, Սիսիանում են հիմնականում, Սիսիանի գյուղերով: Սնարյադն ընկել է գյուղի բնակելի շինությունների վրա», - հայտնեց նա:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ծավալված մարտական գործողությունների հետևանքով 6 խաղաղ բնակիչ է տուժել, այսօր առավոտյան Գորհայքի սարերից անասունների հոտն իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ է ադրբեջանական կողմը կրակ բացել: Տեղ համայնքի բնակիչը գլխի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել Երևան:

XS
SM
MD
LG