Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակելու են քաղաքական բոյկոտը։ Իշխանությունն առայժմ չի արձագանքում ընդդիմադիրների այս որոշմանը։
Երկուշաբթի մեկնարկող աշնանային նստաշրջանից առաջ այսօր հաղորդագրություն տարածեց «Հայաստան» խմբակցությունը՝ հայտարարելով՝ չեն մասնակցելու Ազգային ժողովի ու խորհրդարանական հանձնաժողովների նիստերին։
«Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս ասաց՝ բոյկոտը կշարունակեն։
«Այն դիրքորոշումը, որն ունեցել ենք մայիս ամսին, շարունակում է ուժի մեջ մնալ: Այն ենթադրում է միջազգային կառույցներում, միջազգային գործընկերների հետ աշխատանք: Նեսում դա ենթարդում է պատգամավորի մանդատից ու առաքելությունից բխող աշխատանքներ, որոնք այս պահին էլ իրականացնում ենք մեր հասարակության հետ: Եթե նախկինում՝ դեռ մայիսին ընդունված որոշումը փոփոխության ենթարկվի, այդ մասին լրացուցիչ կասենք: Համենայնդեպս առաջիկա քառօրյային մենք չենք մասնակցելու, այդ օրը «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ մասնակցելու ենք հանրային մեծ քննարկման՝ մասնագիտական մի քանի ուղղություններով, որոնք ենթադրում են Հայաստանի և Արցախի իրական օրակարգի հետ կապված հարցեր», - ասաց Աբրահամյանը:
Ընդդիմադիրները սկսեցին բոյկոտել ԱԺ նիստերը մայիսից՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Փողոցային պայքար սկսեցին, խորհրդարան էին գալիս հատուկենտ դեպքերում։
«Խորհրդարանում կեղծ օրակարգեր են քննարկվում՝ Հայաստանի պետականության լրջագույն սպառնալիքների հետ որևէ առնչություն չունեցող», - բոյկոտը շարունակելու որոշումն այսպես փաստարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Մեր վարքագծում փոփոխություններ չկան, մեր օրակարգերը մնում են իրական ազգային օրակարգեր, անվտանգություն՝ իր բոլոր բաղադրիչներով, այս իշխանություններից ազատագրումը և գործիքներից կօգտվենք: Քաղաքական տուրիզմը նկատի չունեմ, միջազգային պատվիրակություններում աշխատելու ենք, Ազգային ժողովի գործիքակազմից, որոնք հարցերն են, հարցապնդումներն են, լսումներն են, օգտվելու ենք, Ազգային ժողովում մենք մեր բրիֆինգները կազմակերպելու ենք, նաև որոշակի ձևաչափեր այդ պահի թելադրանքով և քաղաքական իրավիճակով կպայմանավորվեն: Բայց մեր օրակարգը չի փոխվել, որովհետև Հայաստանի օրակարգը չի փոխվել, դա պետություն ունենալու և չունենալու օրակարգն է», - ընդգծեց Գալստյանը:
Ընդդիմադիրները՝ «Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությունը, անցած նստաշրջանի վերջում հայտնվել էին մանդատները կորցնելու վտանգի առջև՝ անհարգելի բացակայությունների թույլատրելի շեմը հատելու պատճառով։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագր»-ը սպառնաց, բայց ի վերջո չսկսեց ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց՝ չբացառելով, սակայն, որ դա կարող են այս նստաշրջանում անել, եթե ընդդիմադիրների բացակայությունները շարունակվեն։ Արդյոք չե՞ն մեղմացնում դիրքորոշումը հենց մանդատը կորցնելու սպառնալիքով պայմանավորված, երբ խորհրդարանական որոշակի գործիքներից չհրաժարվելու մասին են խոսում։ Լիլիթ Գալստյանը կտրականապես ասաց՝ ոչ:
«Մենք նախորդ նստաշրջանում էլ նիստը բոյկոտել ենք, բայց էնտեղ բրիֆինգներ ենք ունեցել, լսումներ ենք կազմակերպել, ի վերջո, մենք ունենք մանդատ, և Ազգային ժողովը մենակ ՔՊ-ինը չէ, նկատի ունեմ Ազգային ժողով ինստիտուտը», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները վարչապետ Փաշինյանի հեռացման կոչերով մայիսից փողոցային պայքար սկսեցին՝ վրաններ տեղադրելով Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում։ Մեկուկես ամիս հետո հայտարարեցին մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հավաքների թիվն էլ պակասեց։
Այսօր նախկին նախագահներ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերի ներկայացուցիչները պնդում էին՝ իշխանափոխությունը շարունակում է մնալ իրենց օրակարգում, փողոցային պայքարից չեն հրաժարվել, Դիմադրության շարժմանն էլ պատրաստվում են նոր թափ հաղորդել։