Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորն՝ ընդդիմադիրներին․ «Խաղաղության օրակարգի հակառակը ո՞րն է»


Թե՛ Ազգային ժողովի դահլիճը, թե՛ հրապարակը երկխոսության համար լեգիտիմ և հասկանալի վայրեր են, «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ նկատելով՝ ընդդիմադիրնեիրը ո՛չ այնտեղ են մի կարգին բան ասում, ո՛չ այստեղ։

Եղոյանը շեշտեց՝ իշխող խմբակցությունը չէ, որ ընդդիմադիրներին հենց իրենց իսկ աշխատավայր պիտի հրավիրի՝ երկխոսության՝ նկատելով՝ նրանց Ազգային ժողով են հրավիրել ընտրողները։

Եղոյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Խորհրդարանական ձեր գործընկերները դահլիճ վերադառնալ կարծես չեն պատրաստվում և իմպիչմենտի մասին էր խոսում Իշխան Սաղաթելյանը։

Եղոյան․ - Ինձ թվաց վերադառնում են, բա՞ն է փոխվել։

«Ազատություն»․ - Կարծես թե դեռ չէ, պարոն Եղոյան, ինչո՞ւ չեք հրավիրում նրանց երկխոսության։

Եղոյան․ - Ո՞ւր հրավիրեմ։

«Ազատություն»․ - Քննարկելու այս իրավիճակից դուրս գալը։

Եղոյան․ - Դե Ազգային ժողովի դահլիճը հենց երկխոսության տեղ է, այսինքն՝ դա իրենց աշխատավայրն է, ես հրավիրեմ իրենց աշխատավա՞յր, ես լավ չհասկացա։ Իրենց ընտրողներն են իրենց ուղարկել, հրավիրել էդտեղ արդեն իսկ մեկ տարի առաջ։ Ես հրավիրե՞մ։ Ոչ մեկ ինձ չի զանգում առավոտյան, ասում՝ «կգնաս գործի, դու պիտի գնաս գործի»։

«Ազատություն»․ - Չէ, նրանք ասում են, որ «ձեր ընտրողներն են արդեն ձեզ հետ կանչում պատերազմից երկու տարի անց և ընտրություններից մեկ տարի անց ձախողել են, դա ցույց են տվել այս վերջին երկու տարիները»։

Եղոյան․ - Հա այդ հարցերի բարձրացնելու տեղն էլ է Ազգային ժողովի դահլիճը, ես ավելի պատեհ տեղ չեմ պատկերացնում՝ կա՛մ դահլիճը, կա՛մ հրապարակը, երկուսն էլ ինձ համար հասկանալի ու լեգիտիմ ճանապարհներ են, բայց իրենք ո՛չ այնտեղ են մի կարգին բան ասում, ո՛չ այստեղ են մի կարգին բան ասում, ես ընդհանրապես չեմ հասկանում՝ իրենք ինչ են ասում։

«Ազատություն»․ - Լեգիտիմ չէ՞ այդ պահանջը, որ խաղաղության օրակարգ եք ասում, որը կյանքի չի կոչվում։ Ասում էիք՝ «անջատում հանուն փրկության», հիմա միանգամայն այլ։

Եղոյան․ - Օրակարգը Դուք այսպես մի հասկացեք էլի, այսինքն՝ մի բաժակ ջուր չի, որ ասեմ՝ «ես հեսա մի բաժակ ջուր կբերեմ», ասեն՝ «դե, ո՞ւր ա, բեր, 5 րոպեն անցավ, իմ մի բաժակ ջուրը չբերեցիր»։ Խաղաղության օրակարգը, խաղաղություն հաստատելը բարդ պրոցես է։ Այսինքն՝ դրա հակառակը ո՞րն է, ես էդ քննադատներին եմ ուզում էս հարցը տալ, պատերազմի օրակարգ հայտարարե՞նք։ Ասենք լավ, սխալ ենք, խաղաղությունից չխոսենք, բա ինչի՞ց խոսենք, խոսենք պատերազմի՞ց։ Ասենք՝ «այ եթե հանկարծ իրենք իրենց լավ չպահեն, մենք կգնանք, կգրավենք, կջարդենք», հա՞։ Էդ քննադատությունը ես Ֆեյսբուքում շատ եմ տեսնում ու միշտ ուզում եմ հարցնել էդ գրողին։ Ասում են՝ «վայ, է՞ս ա ձեր խաղաղությունը»։ Չէ՛, դա չի, բայց դրա հակառակը ո՞րն է, լավ դա չի։ Էն էլ պետք ա ասեն՝ «է՞ս ա ձեր պատերազմը»։ Իրանց առաջարկածը ո՞րն ա էլի, թե՞ լռելն ա իրանց առաջարկածը, լռությո՞ւնը միգուցե։

Շաբաթներ շարունակ փողոցային պայքարի դուրս ելած խորհրդարանական ընդդիմությունը չի հստակեցնում արդյոք մասնակցելու են խորհրդարանի՝ աշնանը մեկնարկող նիստերին։ Ընդդիմադիրները կրկին պնդում են՝ Ազգային ժողով վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով, իսկ օրակարգում Արցախի հարցն է, հայ-թուրքական հարաբերությունները և Փաշինյանի հեռացումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG