«Պատիվ ունեմ» խմբակցությունը կշարունակի բոյկոտել Ազգային ժողովի նիստերն ու չի մասնակցի առաջիկա քառօրյային, «Ազատությանը» փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բոյկոտի հետ կապված մեր որոշումը փոփոխության չի ենթարկվել», - ասաց ընդդիմադիր պատգամավորն՝ ընդգծելով՝ ուժի մեջ է մայիսից ունեցած դիրքորոշումը։
Աբրահամյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի սեպտեմբերի առաջին նիստի օրը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հետ մասնակցելու են «Հայաստանի և Արցախի իրական օրակարգի հետ կապված հանրային մեծ քննարկման»։
Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Արցախը փրկելու և Փաշինյանին հեռացնելու կոչերով մայիսից փողոցային պայքարի մեջ էին՝ վրաններ տեղադրելով Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում։ Մեկուկես ամիս փողոցային պայքարից հետո ընդդիմադիրները հայտարարեցին պայքարի մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հետո պատգամավորական մանդատները վայր դրեցին «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Մանրամասներն՝ ավելի ուշ