Մատչելիության հղումներ

Ընդդիմության թևերի միջև լուրջ և էական տարաձայնություն չկա, կան տեսակետներ ու քննարկումներ. Սաղաթելյան


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` «Դիմադրություն» շարժումը շարունակում է իր պայքարը: Այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց, որ սեպտեմբերից ավելի լայն ծավալով ու նոր շնչով կմտնեն պայքարի մեջ, հավելեց` ոչ մի բան չեն տապալել:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Առաջիկա հանրահավաքին մենք կխոսենք մեր առաջիկա անելիքներից»

«Շարժումը շարունակում է իր պայքարը: Ես այս շարժման և զինվորն եմ, և առջևից քայլողը, ես և իմ ընկերները, սա որևէ մեկի շարժումը չէ: Շարժումն այս շրջանում նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքների փուլում է, առաջիկա հանրահավաքին մենք կխոսենք մեր առաջիկա անելիքներից և կամփոփենք այս անցած ճանապարհը: Շարժումը շարունակվելու է: Մենակ մնացողները մենակ կմնան, բայց հաստատ մենք դրա մեջ չենք», - ասաց պատգամավորը` ի պատասխան հարցին, թե ինքը, ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որակել էր` ընդդիմության առաջնորդ, մնա՞ց մենակ:

«Ամեն մեկն ինքն է որոշում իր ծրագրերը, անելիքները»

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, ով վայր դրեց մանդատը, ըստ Սաղաթելյանի` լավ հարաբերություններ ունեն, սակայն քաղաքական տարբեր մարտավարություններ են ընտրել:

«Ես գնահատում եմ մեր անցած ճանապարհը: Ամեն մեկն ինքն է որոշում իր ծրագրերը, անելիքները, այս չարիքի կառավարության դեմ պայքարի իր մեթոդները և մարտավարությունը: Արթուր Վանեցյանը հրապարակային խոսել է այդ մասին, մենք հիմա էլ լավ հարաբերությունների մեջ ենք, շփվում ենք, բայց քաղաքական գործունեության և այս իշխանությունների դեմ պայքարի մարտավարությունն ինքն ընտրել է այդպես և դրա բացատրությունը տվել», - նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամը:

«Ոչ մի բան չենք տապալել, հսկայական ձեռքբերումներ ունենք»

Օգտատերերից մեկի հարցին, թե սեպտեմբերին սկսելու են վարչապետի իմպիչմենթի գործընթաց, որը «տապալելու են, 6 ամսով փակելու են նրան անվստահություն հայտնելու գործընթացը, եթե նախորդ արտահերթ ընտրություններին չլինեին ձեր ագրեսիվ պահվածքն ու հռետորաբանությունը, մյուս տարի կայանալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանը պարտվելու էր բոլոր ոլորտներում տոտալ ձախողվելու պատճառով», դիտմա՞մբ են անում, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, թե սա կեղծ և շինծու թեզերից մեկն է, որ օգտագործվում է իրենց դեմ:

«Եթե մենք չպայքարենք այս իշխանության դեմ, և այսօրվա ընդդիմությունը չլիներ, այս իշխանությունը լինելու էր ավելի սանձարձակ, եթե մեկը կա, որ կարող է ավելի արդյունավետ պայքարել այս չարիքի կառավարութան դեմ, հանրապետության բոլոր հրապարակներն ու փողոցներն ազատ են, իսկ եթե մեզանից ավելի արդյունավետ պայքարեն, գնալու ենք, միանանք իրենց», - հավելեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ինչու են ամռանը պասիվացրել շարժման գործունեությունը, մի՞թե «ամռանը հայրենիք չեն փրկում», նա պատասխանեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ 4 ամիս փողոցում էին` վրանների տակ, իսկ այս սեպտեմբերից ավելի լայն ծավալով, նոր շնչով կմտնեն պայքարի մեջ:

«Ոչ մի բան չենք տապալել, հսկայական ձեռքբերումներ ունենք», - նշեց նա` հավելելով. «Ակնհայտ է, որ շարժումը առնվազն մեր ուղերձը տեղ է հասցրել` որ Նիկոլը չունի մանդատ` երկրի կողմից բանակցություններ վարելու, և հայ ժողովուրդը պատրաստ չէ որևէ նոր կապիտուլյացիայի»:

Հարցին, թե ինչ տարաձայնություններ կան ընդդիմության թևերի միջև Իշխան Սաղաթելյանն ասաց. «Լուրջ և էական տարաձայնություն այս պահին չկա, ամեն դեպքում շարժման մաս կազմող այն ուժերը, որոնք այս պահին կան և գոյություն ունեն:

Մի տեղ, որ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, նպատակին հասնելու շուրջ տարաձայնություն չկա, կա մարտավարության, այսինքն` ոչ թե տարաձայնություն, այլ տարբեր տեսակետներ ու քննարկումներ, եթե լիներ տարաձայնություն, կդրսևորվեր ինչ-որ կերպ: Կան տարբեր կարծիքներ ու քննարկումներ»:

XS
SM
MD
LG