Մատչելիության հղումներ

Ադրբեջանն, ըստ քաղաքագետի, ցանկանում է Արցախից դուրս հանել հայկական ծանր զինտեխնիկան


Սահմանին լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ ունի ճնշել Հայաստանին և ընթացող բանակցություններում նոր զիջումներ կորզել՝ «Ազատության» հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանին վերստին սրվող իրավիճակն այսպես մեկնաբանեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հերթական բանակցություններից ընդամենը օրեր անց՝ սեպտեմբերի սկզբից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ամեն օր, երբեմն՝ օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդագրություններ է տարածում, թե Քելբաջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ հայաստանյան զինված ուժերը խախտել են հրադադարը՝ գնդակոծելով ադրբեջանական դիրքերը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, բայց երկու օր առաջ տեղեկացրեց՝ հակառակորդի կրակոցից զոհվել է կրտսեր սերժանտ Արման Սարգսյանը։

«Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ինֆորմացիոն հող է նախապատրաստում ինչ-որ նոր էսկալացիայի համար։ Պարզ է, որ Ադրբեջանը օգտագործում է Հայաստանի վրա ճնշման ուժային այս գործիքակազմը՝ տարբեր գործընթացներում զիջումներ կորզելու համար։ Այդ քաղաքականությունը կամ մարտավարությունը տեսնում ենք, որ բավականին արդյունավետ է։ Այս փուլում ևս, հավանաբար, մի շարք գործընթացներում Ադրբեջանը որոշակի պահանջներ ունի, և պետք է սպասել նոր սրացման, միգուցե այս անգամ արդեն հայ-ադրբեջանական սահմանին», - ասաց քաղաքագետը։

Գրիգորյանը հիշատակեցայս օգոստոսի սկզբին Արցախում վերսկսված մարտական գործողությունները, որոնց նախորդել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության նմանատիպ հաղորդագրությունները։

Ստեփանակերտն ու Երևանը այն ժամանակ նույնպես հերքում էին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հայտարարությունները, սակայն դրանց հաջորդեց Ադրբեջանի զինուժի հարձակումը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։

Չնայած Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, ադրբեջանցիները որոշ տարածքներ գրավեցին, որից հետո հայկական կողմը համաձայնեց թողնել Բերձորն ու հարակից երկու գյուղերը։

«Կարծում եմ օրակարգային հարցերից մեկը դա Արցախից զինտեղնիկայի դուրսբերման հարցն է։ Գիտենք, որ Ադրբեջանը վերջին ամիսներին դնում է Պաշտպանության բանակի զինաթափման կամ ընդհանրապես չեզոքացման հարցը։ Այս փուլում երևի արդեն առարկայական պահանջ կա՝ Արցախում գտնվող ողջ զինտեխնիկան, որն իրականում պատկանում է Պաշտպանության բանակին, բայց Պաշտպանության բանակը ևս ադրբեջանական պատկերացումներում Հայաստանի զինված ուժերի մաս է, կարծում եմ այդ պահանջն է՝ զինտեխնիկայի դուրսբերման», - ասաց Տիգրան Գրիգորյանը։

Տարածաշրջանում հնարավոր՝ նոր ապակայունացման մասին երեկ Վլադիվոստոկում՝ Կրեմլի նախաձեռնած Տնտեսական ֆորումի շրջանակում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարարելով՝ քանի որ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ, «կան կոնկրետ մտահոգություններ, որ դա կարող է տարածաշրջանում բերել իրավիճակի ապակայունացման»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG