Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկել է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը


Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, հաղորդում է Հայաստանի կառավարության աշխատակազմի լրատվականը:

Մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ երեկոյան է մեկնել Բրյուսել: Մինչ այդ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ, որի ընթացքում քննարկել են սպասվող հանդիպումը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, իր հերթին, հայտնում է, որ Շառլ Միշելը զանգահարել է նաև Իլհամ Ալիևին:

Պաշտոնական Երևանը հանդիպումից առաջ չի հստակեցրել, թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Բրյուսել, արդյոք Փաշինյան - Ալիևի հանդիպման օրակարգում լինելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը: Որ այդ հարցը քննարկվելու է, օրեր առաջ հայտնել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Հայ - ադրբեջանական հարաբերություններին առնչվող բոլոր հարցերն էլ կքննարկվեն»

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ այսօր հայ - ադրբեջանական հարաբերություններին առնչվող բոլոր հարցերն էլ կքննարկվեն:

«Կարծում եմ՝ հայ - ադրբեջանական համատեքստի բոլոր գործընթացների և բոլոր հարցերի շուրջ էլ խոսակցություն լինելու է, բանակցություններ լինելու են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

«Այո, մենք գիտենք, որ Ադրբեջանի համար այս փուլում ամենակարևոր խնդիրը խաղաղության պայմանագրի օրակարգն է, և Բաքուն փորձելու է այդ հարցում որևէ զիջումներ կորզել Երևանից: Չի կարելի բացառել, որ Երևանը հակված է լինելու գնալ այդպիսի զիջումների, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղում կամ հայ - ադրբեջանական սահմանին ամեն էսկալացիայից հետո Հայաստանի իշխանությունները սովորաբար հակված են լինում զիջումների գնալ», - շարունակեց քաղաքագետը:

Գրիգորյանի կարծիքով՝ քննարկվելու է նաև ապաշրջափակման գործընթացը՝ «հատկապես որ արդեն տեղի է ունեցել նաև փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, իհարկե՝ սահմանային հանձնաժողովների հանդիպման ձևաչափով, բայց վստահաբար քննարկվել է նաև ապաշրջափակման թեման»: «Եվ այս հարցում, կարծում եմ, կարելի է ինչ-որ առաջընթաց ակնկալել, որովհետև կարծես թե բոլոր դերակատարները շահարգրգռված են այդ գործընթացում առաջընթացով, և առաջին հերթին՝ Ռուսաստանը», - հավելեց քաղաքագետը:

«Մի խոսքով, հայ - ադրբեջանական օրակարգի բոլոր հարցերն էլ լինելու են ուշադրության կենտրոնում երկրների ղեկավարների», - ամփոփեց Տիգրան Գրիգորյանը:

Ինչ-որ փաստաթղթի ստորագրման մասին, ըստ նրա, «դժվար է խոսել, որովհետև փաստացիորեն վերջին երեք ամսվա ընթացքում բանակցային գործընթացը կանգնած էր, այսինքն՝ բանակցություններ չէին ընթանում, հանդիպումներ տեղի չէին ունենում»:

«Վաղը միգուցե մեկնարկ տրվի մի գործընթացի, հենց, օրինակ, խաղաղության պայմանագրի տեքստերի շուրջ աշխատող աշխատանքային խմբեր միգուցե ստեղծեն, որոնք ապագայում արդեն նախադրյալներ կստեղծեն փաստաթղթերի ստորագրման համար: Այս փուլում, կարծում եմ, դեռ վաղ է խոսել ինչ-որ փաստաթղթերի ստորագրման մասին», - ասաց քաղաքագետը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս կայացել էր Բրյուսելում, երեք ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: Փաշինյանն ու Ալիևը այն ժամանակ պայմանավորվել էին սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել, ինչից հետո էլ հրապարակվել էր հանձնաժողովների կազմը և կայացել էր դրանց ղեկավարների՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանին՝ Երասխի ուղղությամբ:

Գրիգորյան - Մուստաֆաև երկրորդ հանդիպումը կայացավ երեկ՝ բրյուսելյան այս հանդիպման նախօրեին:

ԱՄՆ-ը կոչ է անում «ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը»

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի:

Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը ճեպազրույցի ժամանակ հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Պետդեպը այսօր Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կայանալիք հանդիպումից, արձագանքել է. - «Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։

Մոսկվայի պնդմամբ՝ «ԵՄ ցանկությունները հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապ չունեն»

Եվրամիության «իրական ցանկությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ» որևէ կապ չունեն, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այսօր Մոսկվայում ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող շփումները:

«Դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման է նման։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը` շարունակելով. «Եթե ինչ որ մեկը իրեն որպես միջնորդ է ներկայացնում` այդպիսին չհանդիսանալով, ապա, ըստ ամենայնի, նա որևէ բան առաջարկել չի կարող և ցանկանում է պարզապես ի ցույց դնել իր մասնակցությունը»:

«Ինչ վերաբերում է Եվրամիության միջնորդությամբ խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստի մշակմամբ զբաղվող աշխատանքայի խմբի ստեղծման մասին տեղեկատվությանը, ապա Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներից մենք նման որևէ տեղեկություն չենք ստացել», - շեշտել է Մարիա Զախարովան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG