Մատչելիության հղումներ

Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի առաջարկների նկատմամբ անփոփոխ է. Միրզոյան


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է և ևս մեկ անգամ վերահաստատվել է Հայաստանի վարչապետի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում, այսօր հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչպես ասել ենք նախկինում, 2022 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը», - Արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ ընդգծել է Միրզոյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ»։

«Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը», - ասված է նախարարի մեկնաբանության մեջ:

Ալիևի հավաստմամբ՝ հինգ սկզբունքները Փաշինյանն ընդունել է, և դա վերահաստատվել է Բրյուսելի հանդիպմանը

Նախօրեին Իտալիայի Չերնոբիո քաղաքում պատասխանելով Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է.

«Առաջին՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, երկրորդ՝ հրաժարում ցանկացած տարածքային հավակնություններից, երրորդ՝ հրաժարում ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից, չորրորդ՝ սահմանազատում, հինգերորդ՝ հաղորդակցությունների բացում: Սրանք Հայաստանին Ադրբեջանի առաջարկած հինգ բազային սկզբունքներն են, և Հայաստանի վարչապետը դրանք ընդունել է: Դա ևս մեկ անգամ հաստատում գտավ Բրյուսելում երկու օր առաջ կայացած մեր հանդիպման ժամանակ:

Մեր արտգործնախարարները տվյալ հինգ սկզբունքների հիման վրա կանցնեն համաձայնագրի տեքստի շուրջ գործնական բանակցությունների»:

XS
SM
MD
LG