Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով, արխիվ

Նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչությունը։

Երեկ ուշ երեկոյան հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Արարատ Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը», - փոխանցում է Արտգործնախարարության լրատվականը՝ հավելելով նաև, որ «վերահաստատվել է եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը»:

Հայկական կողմի փոխանցմամբ՝ կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը «հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում»։

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են նաև Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը, ասված է հաղորդագրությունում:

Պաշտոնական Մոսկվայի տարածած հաղորդագրությունում ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ոչ էլ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին որևէ խոսք չկա։

Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարների ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանային խնդիրները, վերահաստատվել է հավատարմությունը եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացմանը։

«Քննարկվել են հետագա քայլերը բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման համատեքստում», - փոխանցում է ռուսական կողմը՝ առանց հստակեցնելու թե որոնք են հետագա քայլերը, և պայմանագրի ինչպիսի պարամետրերի մասին է խոսքը:

Մոսկովյան հանդիպմանը զուգահեռ՝ նույն այդ հարցերը Բաքուն քննարկել է Վաշինգտոնի հետ։ Երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը, վկայակոչելով օգոստոսի 31-ի Բրյուսելյան հանդիպման արդյունքները, առանձնացրել է խաղաղության համաձայնագրի տեքստ նախապատրաստելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին տրված հանձնարարությունը, հայտարարելով, որ Բաքուն պատրաստ է և հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգի առաջմղման համար։

Բաքվում հույս ունեն հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրել արդեն մի քանի ամսից, այդ մասին անցած օրերին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հայկական կողմը ժամկետների մասին չի խոսում, նաև չի հստակեցնում, թե ի՞նչ սկզբունքների հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի բանակցությունները։ Ի տարբերություն Երևանի, որն ընդունել է Բաքվի ներկայացրած բոլոր հինգ սկզբունքները, ադրբեջանական կողմը մերժել է Երևանի առաջարկները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը փակված է։

Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG