Ադրբեջանցի նշանավոր գրող, հրապարակախոս Աքրամ Այլիսլին հավատում է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, միայն թե պետք է երկու կողմին էլ դրական տրամադրել:
2013 թվականին Ագուլիսի մասին «Քարե երազներ» վեպի հրատարակումից հետո պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հասարակության կոշտ քննադատության ալիքի տակ հայտնված գրողը խոսել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ:
«Ես հավատում եմ, որ դա հնարավոր է, քանի որ ժողովուրդների միջև նման հարաբերություններ առաջին անգամ չեն հանդիպում: Գրեթե 100 տարի ֆրանսիացիներն ու անգլիացիները անհաշտ էին և մեծ հակամարտության մեջ էին: Իսկ հիմա կարող ես Փարիզում տոմս գնել և երեկոյան Լոնդոնում ներկայացում դիտել, կամ Լոնդոնում տոմս գնել և երեկոյան Փարիզում ընթրել: Բայց մեր հուշերի մեջ տարբերություն կա: Հայերն ու ադրբեջանցիները տարբեր հիշողություններ ունեն, և պետք է աշխատել այդ հուշերից մաքրել բացասականը», - ասել է նա:
Իր գործունեության պատճառով 2016 թվականից անձնագրից զրկված Այլիսլիի հայտնի գիրքը պատմում է անցած դարավերջին Նախիջևանի երբեմնի հայաբնակ Ագուլիսի հայերի նկատմամբ բռնությունների մասին, որի համար նրան շատերը մեղադրում են հայամետ լինելու, ադրբեջանցիների ինքնությունը վիրավորելու մեջ:
Մամեդյարովը համոզված է՝ «ամենալավը Հայաստանի հետ ուղիղ բանակցելն է»
«Ազատության» ադրբեջանական ծառայությունը զրուցել է նաև 2020 թվականին՝ պատերազմից 2,5 ամիս առաջ պաշտոնից ազատված Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ 16 տարի արտաքին գերատեսչությունը ղեկավարած Մամեդյարովը իր հերթին կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե կողմերը ուղիղ՝ առանց միջնորդների խոսեն:
«Ամենալավը Հայաստանի հետ ուղիղ բանակցելն է, առանց միջնորդների: Նման օրինակ արդեն կա՝ Թբիլիսիում արտգործնախարարների հանդիպումը: Ես կառաջարկեի, որ նախարարները կամ նրանց ներկայացուցիչները հանդիպեն հայ - ադրբեջանական սահմանին: Երբ ուղիղ երկխոսություն է գնում, կարող ես ինչ-որ բան ապացուցել, բացատրել կամ առաջարկել: Բայց հարց է ծագում՝ արդյո՞ք Ռուսաստանը դա թույլ կտա: Եթե քաղաքական համաձայնություն լինի, ապա ամենից լավը առանց երրորդ կողմի բանակցելն է», - ընդգծել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ հանդիպել են վեց անգամ՝ երկու անգամ՝ Ռուսաստանի, չորս անգամ՝ Եվրամիության միջնորդությամբ: Նիկոլ Փաշինյան - Իլհամ Ալիև վերջին հանդիպումն էլ կայացավ նախօրեին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ:
Երկար տարիներ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը գլխավորած և ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Բաքվի դիրքորոշումը ներկայացրած Մամեդյարովը կարծում է, որ խաղաղության պայմանագրի տանող ճանապարհին առաջնայինը սահմանազատումն ու սահմանագծումն է. - «Եթե Հայաստանը լիովին գիտակցի, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, պետք է նախ սկսել դելիմիտացիայից և դեմարկացիայից: Քանի որ ապրանքներ ուղարկելիս, առևտուր անելիս մաքսակետեր ու սահմանային անցակետեր են պետք, որպեսզի վերահսկեն այս գործընթացը: Եթե սահմանները որոշվեն, ապա դրանից հետո խաղաղության պայմանագիր կնքելը խնդիր չէ»:
Էլմար Մամեդյարովը նաև կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ավելի շատ Հայաստանին է պետք: Նախկին դիվանագետը պնդել է, թե Հայաստանի շահերից է բխում րոպե առաջ ապաշրջափակել հաղորդակցական ուղիներն ու տնտեսական օգուտներ քաղել. - «Ադրբեջանը զարգանում է, միջանցներն ու ճանապարհները բացում, ապրանքաշրջանառությունն օրեցօր աճում է: Խաղաղության պայմանագիրն ավելի շատ Հայաստանին է պետք, քանի որ նրանք փակուղում են գտնվում, և նրանց համար շատ կարևոր ու շահավետ է բացել ճանապարհներն ու գումար աշխատել: Ապրանքաշրջանառությունը կավելանա, տարանցման գումարներ կստանան»:
2020 թվականի հուլիսին Տավուշի շրջանում հայ - ադրբեջանական սահմանային ընդհարումների օրերին արտգործնախարարի պաշտոնից ազատված փորձառու դիվանագետը նախարարի աթոռին հրաժեշտ տալուց հետո քաղաքական մեկնաբանություններից զերծ է մնում և հազվադեպ է հանրային դաշտում հայտնվում: