Պաշտոնական Թեհրանը պատասխանել է Վաշինգտոնի առաջարկներին գերտերությունների և Իրանի միջև միջուկային համաձայնագրի վերակենդանացման հարցով, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։ Իրանի իշխանություններն իրենց պատասխանի բովանդակությունը չեն բացահայտում, փոխարենը հավաստիացնում են՝ այն կառուցողական է։
«Տեքստը, որն ուղարկվել է, կառուցողական մոտեցումներ է պարունակում, նպատակ ունենալով ավարտին հասցնել բանակցությունները», - Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Կանաանիի խոսքերն են մեջբերում իրանական պետական լրատվամիջոցները։
Վաշինգտոնից հաստատել են՝ Իրանի պատասխանը ստացել են, բայց այն ամենևին էլ կառուցողական չէ։
«Մենք կարող ենք հաստատել, որ Եվրամիության միջոցով ստացել ենք Իրանի պատասխանը։ Մենք այն ուսումնասիրում ենք և կարձագանքենք Եվրամիության միջոցով, բայց, ցավոք, Թեհրանի պատասխանը կառուցողական չէ», - ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկած գրավոր պատասխանում հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Միացյալ Նահանգներից հնչող այս հայտարարությունն անմիջապես Թեհրանի կոշտ արձագանքին արժանացավ։ «Վաշինգտոնի համար կառուցողական նշանակում է ընդունել ամերիկյան պայմանները, իսկ Իրանը հավասարակշռված և պաշտպանված գործարքի կողմնակից է», -Թվիթերում գրել է Իրանի բանակցային թիմի խոսնակ Մոհամմադ Մարանդին։
2015-ին ստորագրված պայմանագրով Թեհրանը համաձայնել էր դադարեցնել ուրանի հարստացումը՝ արևմտյան պատժամիջոցների սառեցման դիմաց, չորս տարի առաջ, սակայն, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից՝ սահմանելով էլ ավելի կոշտ պատժամիջոցներ։
Իրանի միջուկային ծրագրի վերականգնման շուրջ ավելի քան մեկուկես տարի առաջ վերսկսված բանակցությունները համակարգող Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը օգոստոսին հայտարարեց, որ համաձայնագրի վերջնական տարբերակը պատրաստ է, այն փոփոխությունների ենթակա չէ և գործարքի վերածնունդը այժմ կախված է ամերիկյան և իրանական իշխանություններից։
«Միացյալ Նահանգներն ու Իրանը տեքստը համարում են հիմնավորված։ Ես կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները հասնելու համաձայնության, որը հաշվի կառնի բոլոր կողմերի մտահոգությունները։ Հուսով եմ, որ առաջիկա օրերին մենք չենք կորցնի թափը և կկարողանանք կնքել գործարքը», - երեք օր առաջ հայտարարում էր Բորելը։
Միջուկային գործարքի վերականգնումը անհրաժեշտ է նախ և առաջ Իրանին, որը միջուկային զենք ստեղծելու նկրտումներից հրաժարվելու դիմաց կազատվի ցավոտ տնտեսական պատժամիջոցներից՝ վերականգնելով տարիներ շարունակ հիվանդ տնտեսությունը, հնարավորություն կստանա իրանական նավթն արտահանել միջազգային շուկա և էներգակիրների բարձր գների պայմաններում արագ լցնել երկրի բյուջեն։
Այս հեռանկարը կյանքի կոչելու համար Բրյուսելի միջնորդությամբ Միացյալ Նահանգների և Իրանի բանագնացների միջև ամիսներ տևած բանակցություններում որոշակի առաջընթաց նկատվեց վերջերս, երբ Թեհրանը հրաժարվեց իր հիմնական պահանջներից։ Իրանի իշխանություններն այլևս չեն պնդում, որ Միացյալ Նահանգները օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից չեղարկի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Բացի այդ, պաշտոնական Թեհրանը երաշխիքներ չի պահանջում ԱՄՆ հաջորդ նախագահից միջուկային գործարքից չհրաժարվելու հարցով։
Փոխարենը Իրանն այլ պահանջ է ներկայացրել` դադարեցնել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսչական ակտիվությունը, մասնավորապես փակել իրանական երեք կառույցներում հայտնաբերված ռադիոակտիվ հետքերի ծագման հարցով հետաքննությունը: Միջազգային գործակալությունը պնդում է, որ Իրանն այդ հարցով մինչ օրս համոզիչ պարզաբանումներ չի ներկայացրել և որ պատրաստ է փակել հետաքննությունը, եթե Թեհրանից պաշտոնական բացատրություն ստանա։
Իրանի իշխանությունները, սակայն, չեն պատրաստվում տեղի տալ՝ հայտարարելով, որ միջուկային գործարքի վերածնունդը կախված է ԱԷՄԳ-ի հետաքննությունը փակելուց։
ՄԱԿ-ին կից այդ կառուցում, Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պիտեր Ջենքինսի խոսքերով, իրանական կողմի կոշտ դիրքորոշումը պատահական չէ.- «Ես կարծում եմ պատճառն այն է, որ այդ ստուգումները կհերքեն Իրանի կողմից քսան տարի հնչեցվող պնդումը, թե երբեք միջուկային զենքի ոլորտում հետազոտություն չեն անցկացրել»։
Չնայած փակուղային իրավիճակին, Իրանի միջուկային գործարքի մասնակից Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կարող է շեշտակի առաջընթաց լինել։ Ելիսեյան պալատի ղեկավարը ընդգծել է, որ այժմ գնդակն Իրանի դաշտում է, և սեղանի վրա դրված առաջարկը, նույնիսկ եթե այն չլուծի բոլոր տարաձայնությունները, ավելի լավն է, քան է դատարկ թուղթը։
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը, եթե այն կնքվի այսօր ներկայացված պայմաններով, օգտակար է և ավելի լավ է, քան համաձայնության բացակայությունը», - նշել է Մակրոնը։