Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի խոսքով՝ Իրանի հետ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ երկխոսության մասնակից երկրների մեծ մասը համաձայն է ԵՄ առաջարկին, բայց դեռ պատասխան չկա Միացյալ Նահանգներից, որը Բորելն ակնկալում է ստանալ այս շաբաթվա ընթացքում։
Վաշինգտոնն, իր հերթին, հայտարարել է, որ աշխատում է հնարավորինս արագ՝ համապատասխան արձագանք տալու նախագծի տեքստի վերաբերյալ Թեհրանի մեկնաբանություններին:
Իսպանիայի ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բորելն ասել է նաև, որ Իրանը մի քանի ճշգրտում է խնդրել։ Թե ինչ, Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը չի հրապարակել:
Նախօրեին, մինչդեռ, Բորելն ասել էր, որ Թեհրանի կողմից նախագծին տրված պատասխանները «ողջամիտ» են, և որ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել արդեն այս շաբաթ։