Մատչելիության հղումներ

Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ ավելի խորը ներգրավվածություն է ցանկանում Հարավային Կովկասում. քաղաքագետ


Ֆիլիպ Ռիքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահը պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն է։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է ոչ միայն համանախագահի, այլև՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում։

Մոտ երկու ամիս առաջ էր Միացյալ Նահանգները նոր համանախագահ նշանակել, հաղորդվել էր, որ այդ պաշտոնը զբաղեցնում է Պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան։

Կարճ ժամանակ անց, փաստորեն, փոփոխություն կատարվեց։

«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», - նշանակման մասին Թվիթերում գրել է պետքարտուղարը։

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը», - Էնթոնի Բլինքենի այս խոսքերն էլ տարածել է պետքարտուղարությունը։

Բաքուն կրկին հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է»

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը կոշտ է արձագանքել պաշտոնական Բաքուն։

Գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, հավելել. «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է»։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցի հետ կապելը չի նպաստում դրան։

44-օրյա պատերազմից հետո մոտ երկու տարի եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Մինչ Հայաստանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունից, Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում է՝ նման հարց այլևս գոյություն չունի, Մինսկի խմբին էլ թոշակի է ուղարկել:

«Ցանկանում ենք տեսնել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, պետք է վերադառնալ բանակցություններին: 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված, ձերբակալված անձինք պետք է ազատ արձակվեն»,- մեկ տարի առաջ Երևանում Ֆիլիպ Ռիքերի այս հայտարարություններից երկու օր անց 15 հայ գերիներ վերադարձան Հայաստան: Իր հերթին Երևանը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատման քարտեզները:

Պաշտոնական Բաքուն աջակցության համար շնորհակալություն հայտնեց նաև անձամբ Ռիքերին։

«Չափազանց կարևոր նշանակում է». քաղաքագետ

«Չափազանց կարևոր նշանակում է»,- քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքն է ամերիկացի նոր համանախագահի նշանակման մասին. «Վերջին երևի տասնամյակի նույնիսկ ընթացքում նա ամենաբարձրաստիճան դիվանագետն է, որը նշանակվել է Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում: Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ ցանկություն ունի ավելի խորը ներգրավվածություն ունենալ մեր տարածաշրջանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական գործընթացներում: Ադրբեջանից հնչեցվող այն բոլոր խոսակցությունների ֆոնին, որ Մինսկի խումբն արդեն գոյություն չունի, այդ թվում` Ռուսաստանից հնչեցվող այդ խոսակցությունների ֆոնին սա չափազանց կարևոր զարգացում է»:

Չնայած Վաշինգտոնից հնչող հավաստիացումներին, որ Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման, Մոսկվան ամիսներ շարունակ պնդում է՝ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի։ Արտգործնախարար Լավրովի հայտարարությունից հետո, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն են հրաժարվել համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, ապրիլին Ռուսաստանը իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակեց արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։

Օրեր անց Երևան ժամանող Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Էնրյու Շոֆերին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրեց «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»։

Վերջին նշանակմամբ թե խորհրդականի, թե համանախագահի պաշտոններն են շեշտվել։

Առանձին-առանձին հատուկենտ այցեր եղել են, բայց Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների ներկայացուցիչները միասին վերջին անգամ տարածաշրջանում 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս անց էին՝ 2020-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ Բաքվում Ադրբեջանի նախագահը ուղիղ հայտարարեց՝ նրանց չի հրավիրել, իսկ «ղարաբաղյան հակամարտությունն այլևս լուծված է»։

Այս ամենին գումարվեցին նաև Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստան-Արևմուտք հակասությունները։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Միացյալ Նահանգները չի անտեսում նաև Հարավային Կովկասը, կանխատեսում է Մինսկի խմբի ակտիվացում:

«Այս նշանակումը հենց դրա ցուցիչն է, որովհետև նմանատիպ բարձրաստիճան պաշտոնյայի` դիվանագետի նշանակելու այս պաշտոնում պարզ է, որ Միացյալ Նահանգները որոշակի ուղերձ է հղում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Կարծում եմ` դժվար է լինելու ինչ-որ համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի ձևաչափում, որովհետև Ռուսաստանը, կարծես թե, այլևս հետաքրքրված չէ այդ ձևաչափի գոյությամբ, բայց Միացյալ Նահանգները` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարող է առանձին սեփական ջանքերի ակտիվացում իրականացնել»:

Ֆիլիպ Ռիքերը մինչև վերջերս եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG