Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերից կազմված եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է արձանագրել Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերաբացման խնդրի շուրջ: Այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ «ամենամոտ ապագայում աշխատանքային խմբերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կձևակերպվեն»։
Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով` այդ աշխատանքը «սերտորեն առնչվում է շատ ավելի լայն տրանսպորտային նախագծերի հետ»։
«Խոսքը, մասնավորաբար, «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի մասին է, որում շահագրգռված են նաև մեր իրանցի գործընկերները», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Լավրովը նաև ասել է, որ տրանսպորտային ուղիների վերաբացման և հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով բանակցային գործընթացները «համընթաց են զարգանում»։