Մատչելիության հղումներ

Հակասություններ ՄԽ համանախագահող երկու երկրի ու Ադրբեջանի միջև. ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են այցելել Շուշի  


Իլհամ Ալիևի նկարով պաստառ Հադրութում, 26-ը նոյեմբերի, 2020թ.
Իլհամ Ալիևի նկարով պաստառ Հադրութում, 26-ը նոյեմբերի, 2020թ.

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում են հրապարակային հայտարարությունների միջոցով անդրադառնալ նախորդ օրերին կողմերի միջև ծագած և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին։

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահի պաշտոնում դեսպան Ռիքերի նշանակումից հետո հրապարակային հակասությունների պատճառ դարձավ Բաքվում Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դեսպանների հրաժարվելը այցելել Շուշի՝ չնայած Ադրբեջանի կառավարության հրավերին։

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևին՝ նշելով, թե դեսպանատան աշխատակիցները բազմիցս են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, ներառյալ՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի։ Ուշագրավ է, որ ամերիկյան դեսպանատունը հրաժարվել է նշել ԼՂԻՄ մաս կազմած Շուշին ու Հադրութը, որոնք ևս 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանին։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը

«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տրամադրած արձագանքում Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ը մշտական երկխոսության, նաև ամենաբարձր մակարդակով համագործակցության միջոցով մենք կարող ենք հնարավորինս աջակցել մնայուն և համապարփակ խաղաղության հասնելուն: Ինչպես նախկինում ենք ասել, Միացյալ Նահանգները Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ամենամեծ աջակիցն է: ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները բազմիցս այցելություններ են կատարել և շարունակում են կատարել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»։

Շաբաթ օրը ելույթ ունենալով Շուշիում կազմակերպված համաժողովին՝ Հաջիևը հայտարարեց, թե ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանների հրաժարվելը այցելել Շուշի Ադրբեջանի իշխանությունները ընկալում են որպես անհարգալից վերաբերմունք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Հասկանալի չէ՝ նրանք չե՞ն կարողանում ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե՞ Շուշայում (Շուշի) վերակառուցման ու վերականգնման աշխատանքները», - ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։

Հաջիևը լռել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ-պետության՝ Ռուսաստանի մասին, թեև անցած ամիս Բաքվում Ռուսաստանի դեսպանը այցելել էր Շուշի։

Բաքվում Թուրքիայի դեսպանը նույնպես քննադատել է Ադրբեջանում ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանների հրաժարվելը մեկնել Շուշի՝ նման քայլը գնահատելով որպես անարգանք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Փոխարենը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է դեսպանների չայցելելը «օկուպացված տարածք»՝ հավելելով. «Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»։

Այս պատմությանը նախորդել էր դեսպան Ֆիլիպ Ռիքերի շուրջ ծագած աղմուկը, երբ ամերիկացի դիվանագետը օրերս նշանակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ ու կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, որի առթիվ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, թե ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ։

Ադրբեջանի արտգործնախարարությունից Բլինքենի այս հայտարարությունը որակեցին «տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրողություններից հեռու մոտեցում»։ Հայտարարեցին՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, անգամ սպառնացին, թե գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերով» Ամերիկան կարող է դուրս մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Ժամեր անց Վաշինգտոնից վերահաստատեցին՝ դեսպան Ռիքերի նշանակմամբ «հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը»: Եվս մի քանի ժամ անց Ֆրանսիայի արտգործնախարարությունը ողջունեց Ռիքերի նշանակումը։

Նաև Հայաստանի հաշվին պայմանավորվելով՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են տարածաշրջանից դուրս մղել արևմտյան տերություններին. քաղաքագետ

Քաղաքագետ Արեգ Քոչինյան
Քաղաքագետ Արեգ Քոչինյան

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով, այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նաև Հայաստանի հաշվին պայմանավորվելով՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են տարածաշրջանից դուրս մղել արևմտյան տերություններին։ Վերջիններս հակադարձում են։

«Շուշի այցելությունը նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահությունն այլևս քննարկելու բան չունի, որովհետև Շուշին որպես ԼՂ-ի մի բաղկացուցիչ, եթե ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ընդ որում, առանց որևէ կարգավիճակի, նշանակում է Մինսկի խմբի համանախագահության մանդատն այլևս սպառված է: Հիմա ամբողջ տարաձայնությունը՝ մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների այն է, որ Ադրբեջանը համարում է Մինսկի խմբի համանախագահությունը սպառված, գոյություն չունեցող մարմին, իսկ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան այդպես չեն համարում: Այս ամբողջ պատկերի մեջ միակ տարօրինակ բանն, ըստ էության, Ռուսաստանի պահվածքն է, Ռուսաստանի դեսպանի այցելություններն են, Ռուսաստանի նշանակումներն են և այլն: Այսինքն Ռուսաստանը ոչ միայն չի հարգում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ու ըստ էության, միակողմանի փորձում է այն տապալել, այլ նաև իրեն պահում է միջնորդին ոչ հարիր, որովհետև եթե Ռուսաստանն, անկախ Մինսկի խմբի համանախագահությունից, առնվազն եռակողմ ձևաչափով իրեն համարում է միջնորդ, ապա Շուշի այցելելը հարց է առաջացնում, թե ինչի շուրջ է այդ պարագայում միջնորդությունն ու ինչ հարց է քննարկվում, եթե Ռուսաստանն իր համար որոշումներն արդեն ունի», - ասաց Քոչինյանը:

Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը
Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը

Արձագանքելով Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ հայտարարությանը, պաշտոնական Երևանը շեշտել էր՝ համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել։

44-օրյա պատերազմից հետո մոտ երկու տարի համանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Մինչ Հայաստանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունից, Ադրբեջանը պնդում է՝ նման հարց այլևս չկա, Մինսկի խումբն էլ անելիք չունի։

XS
SM
MD
LG