Մատչելիության հղումներ

Տենում ենք, որ մենք անտեր ենք, առանց ղեկավարի ենք. Մեծ Շեն գյուղի բնակիչ


Մեծ Շեն գյուղի բնակիչ Սուրեն Դավթյան
Մեծ Շեն գյուղի բնակիչ Սուրեն Դավթյան

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհից մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանական հենակետ է։ Երկու օր է, ինչ երթուղին նոր միջանցքով է անցնում, և ադրբեջանական դիրքից այսօր արդեն վերաբերմունք են արտահայտել։

«Հլա ընդեղ շնչում են, քար են գլորում ավտոճանապարհի վրա։ Իրենք տեղում են, առավոտն էլ, էս ա մի իրեք օր ա, իրանք ակտիվացել են», - ասում է Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանը։

Նրա տեղեկացմամբ, այսօր առավոտյան են ադրբեջանցիները քարեր գլորել ճանապարհի ուղղությամբ։ Նրանց հենակետը հենց միջանցքի Հին Շենով անցնող հատվածի գլխին է։ Ակնկալվում էր, որ զինված ադրբեջանցիները կհեռանան նոր միջանցքի գործարկումից հետո, և 5 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտի կլինի, բայց նրանք տեղում են։

Համայնքապետը ենթադրում է, որ հսկողություն իրականացնող ռուս խաղաղապահ անձնակազմը հիմա փոխվել է։ Տեղանքին կծանոթանան, հետո, հույս ունի, ադրբեջանցիները կհեռանան։ Ռուսներին արդեն իրազեկել է խնդրի մասին. - «Մենք ենք պահանջում, օրենքն ա պահանջում... մենք օդից բռնած բան չենք պահանջում։ Իրանք են ստորագրել նոյեմբերի 9-ին ալտերնատիվ ճանապարհ կառուցեն, հինգ կիլոմետր սահմանը պահեն։ Ինչ որոշել են, ինչ պետք ա, դա ենք պահանջում, մենք օդից ուրիշ բաներ չենք պահանջում։ Դա ա մեր պահանջը. պոստերը հանեն, էս ժողովուրդը կարին տեղաշարժվին»։

Լաչինի միջանցքը փակվելուց հետո հայկական երթևեկությունը Աղավնո-Բերձորը շրջանցող ժամանակավոր ճանապարհով ադրբեջանցիների կառուցած կամրջով մտնում է Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր։ Հին Շենում ադրբեջանցիները մետրերի վրա են, միջանցքի անվտանգության գոտում։ Մեծ Շենում նրանք ավելի հեռու են, քան 2,5 կիլոմետրն է, բայց օգոստոսի վերջից գյուղը շրջապատող բարձունքների վրա են։

«Դիրքային փոփոխությունները Լաչինի հետ, Բերձորի հետ կապված ա։ Մեր հետևում սարերը որ կա, լրիվ իրանք արդեն պոստեր են դրել, դրոշակներ են դրել։ Խորհրդային տարիների ժամանակ դա իրանց տարածքն ա եղել», - ասում է Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը։

Նրա խոսքով, պատերազմից հետո էլ իրենց տեսադաշտում ադրբեջանցիներ չկային. - «Ամսի 26-ին որ Բերձորը հանձնեցինք իրանց, հաջորդ օրվանից, 27-ից արդեն իրանք մեր համար տեսանելի դառան»։

Հենց այս պատճառով էլ ոչ մի ոգևորություն չկա, թե Բերդաձորի ենթաշրջանի այս փոքրիկ գյուղերը կաշխուժանան մայրուղու եռուզեռից։ Եթե Բերձորը հայկական մնար, ադրբեջանցիները չէին մոտենա Մեծ Շենին։

«Լավագույն տարբերակը կլիներ, եթե Բերձորը և Աղավնոն մեր ձեռքին լինի, և ճանապարհը բնականոն, իրա հոսքով, իրա հունով ընդեղով գնա։ Նորմալ ճանապարհ ա, երթևեկությունը գնում ա... Ուղղակի պիտի հարմարվենք», - ասում է Դավթյանը։

Մեծ հարց է, թե հետո ո՞վ կերթեևեկի այստեղով։ Բերդաձորցիները լավատես չեն։ «Մեր կարծիքից կախված բան կա՞», - ասում է մեծշենցի Սուրեն Դավթյանը։

Նա գյուղի վերջին օրերի երթևեկին հետևում, մի լավ ու հազար վատ բան է կանխատեսում։ Լավը, ասում է, այն է, որ կտրված գյուղից Ստեփանակերտ կամ Գորիս գնալու համար մեքենա այլևս չես փնտրի։ Վատ սցենարները առայժմ շարադրել չի կարող. - «Հարյուր տոկոս գիտեմ, որ հայերին օգուտ ոչ մի բան չկա։ Դա ենթադրում եմ թուրքերի ներկայիս հայերի նկատմամբ բոլոր տեսակի թշնամանքները։ Ամեն քայլափոխում միշտ էլ աշխատում են մի վնաս տան»։

Բերդաձորի գյուղերում միայն անվտանգության խնդիրը չէ. գազ չկա, լույսը ընդհատումներով է, ջուրը՝ օրը մեկ ժամ։

«Չգիտեմ», - ասում է Սուրենը։ - «Ներկայումս ես ոչ մի հայ ղեկավարության վրա հույս չեմ դնում։ Յուրաքանչյուր մարդը ինքը պիտի իրեն համար մտածի, ամեն ինչը ճիշտ անի։ Տենում ենք, որ մենք անտեր ենք, առանց ղեկավարի ենք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG