Հայաստան-Արցախ նոր երթուղին ակտիվ շահագործվում է։ «Ազատության» Սյունիքի թղթակից Տիգրան Հովսեփյանն է այսօր այդ նոր ճանապարհով հասել Արցախ: Նրա հավաստմամբ՝ ճանապարհի անվտանգությունն ապահովում են թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ Արցախի ոստիկաններն ու փրկարարները:
«Այս պահին գտնվում ենք Արցախի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերը կապող ճանապարհի վրա: Այստեղ ենք եկել Արցախը Հայաստանին կապող նոր երթուղով, որը գործարկվել է երեկ՝ 20:00-ից: Ճանապարհին արձանագրեցի մի քանի փաստ, մասնավորապես, Սյունիքի Տեղ գյուղի Կարմիր հող կոչվող տարածքում, ինչպես մինչև երթուղու փոփոխությունն էր, տեղակայված են Արցախի սահմանապահ զորքերը, իսկ մինչև Հին Շեն տեղակայված է ռուս խաղաղապահների 4 անցակետ, որոնցից միայն երեքում են ստուգումներ իրականացնում: Առաջին ստուգումն իրականցնում են Սյունիքի Տող գյուղի Կարմիր հող կոչվող տարածքից 2 կմ դեպի ներքև տեղակայված անցակետում, մյուսը՝ կամուրջի վրա: Դրա սկզբում և ետնամասում տեղակայված է երկու անցակետ, որոնցից միայն մեկում են ստուգումներ իրականացնում՝ անձնագրի ու մեքենայի ուղեխցիկի», - ներկայացրեց Տիգրան Հովսեփյանը:
Տեղում աշխատող «Ազատության» թղթակիցը պատմեց, որ ճանապարհին հայկական պետհամարանիշներով մեքենաներ են և շինարարության ավարտական փուլում գտնվող ադրբեջանցիներ, նրանք այժմ ջրահեռացման համակարգի վերջին շտկումներն են անում։
«Հենց սկզբի անցակետում ռուս խաղաղապահները երաշխավորեցին, որ ճանապարհը լիովին անվտանգ է, կանոնակարգված երթևեկություն է, որևէ մասում դժվարանցանելի մաս այս պահի դրությամբ դեռևս չկա, մեքենաների կուտակումներ չկան», - նշեց Տիգրան Հովսեփյանը:
Երեկ երեկոյան 8-ից Լաչինի միջանցքը փակվեց հայերի համար, մինչև միջանցքին փոխարինող հիմնական՝ Կոռնիձորով անցնող ճանապարհն ավարտին հասցնելը Հայաստան-Արցախ ցամաքային կապն ապահովվում է Աղավնո-Բերձորը շրջանցող 4.7 կիլոմետրանոց ճանապարհով, որն ադրբեջանցիների կառուցած կամրջով միանում է Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերին: Շուրջ 21 կիլոմետր երկարություն ու 11 մետր լայնություն ունի նոր ճանապարհը, որ հետագայում էլ հիմնական միջանցքի մի հատվածն է դառնալու։
Նոր ճանապարհը Մեծ Շեն, Հին Շեն գյուղերով է անցնում: Մեծ Շենի բնակիչ Զայդինա Սարգսյանի տունը հենց այս նոր միջանցքի վրա է:
«Շատ լավ ա մեզ համար, որ Բերձորին նայած՝ գոնե մեր գյուղը մի քիչ հսկողության տակ ա: Դե լավ էն ա, որ ասենք, քաղաք գնալ-գալուց հեշտ ա մեզ տրանսպորտից օգտվելը, արդեն ավտոբուսներ են գնում-գալիս», - ասաց Սարգսյանը:
Բերձորն ադրբեջանական դառնալուց հետո տեղի կրպակատերերը ցանկություն էին հայտնել տեղափոխվել նոր ճանապարհի վրա, այստեղ առևտուր անել, առայժմ, սակայն, որևէ կրպակ, բենզալցակայան չկա:
«Ամեն ինչ կլինի, եթե խիղճներս հանգիստ լինի ու խաղաղություն լինի», - ասում է տիկին Զայդինան՝ շարունակելով, - «երիտասարդները կարան և՛ բենզալցակայան դնեն, և՛ փոքր կրպակներ դնեն, բոլոր տեղերը, որ գնում ենք, ճանապարհներին չկա՞ն կրպակներ՝ փոքր ու մեծ, նույնն էլ մերոնք կուզենան դնեն, հյուրանոց սարքեն»:
Այժմ Մեծ Շենի մոտ ռուսների համար բազա է կառուցվում։ Փոքրիկ այս գյուղով մայրուղի է անցնում, Վալերիկ Ավանեսյանը ոգևորված չէ. - «Էս ճանապարհը մեզ ոչ մի բան էլ չի տալու, որովհետև էդ սարի գլխին թուրքի պոստ են բերել դրել»:
Դիմացի սարի գլխին ադրբեջանական հենակետ է, խաղաղապահն ինչո՞վ է օգնելու հոտը արոտավայր տարած մարդուն, հարցնում է Մեծ Շենի բնակիչը: «Էրեխեն հեսա ոչխարը տանում ա, գնամ ա վերևի սարը, հետ գա էլի, խաղաղապահը հետևից հո չի՞ գալու ընդեղ», - ասաց Ավանեսյանը:
«Լավ է՝ ադրբեջանցիներն այդտեղից հեռանան, ռուսների մոտենալու կարիք էլ չլինի»,- մեծշենցի Վալերիկ Ավանեսյանը, որի 5 երեխաներն այս գյուղում են և մեկը զոհվել է վերջին պատերազմում՝ գիտի, թե դեպքերը ինչու են զարգանում այսպես. - «Ուժեղի մոտ միշտ թույլն ա մեղավոր, դա պարզ ա, սաղին էլ հասկանալի ա»: