Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ի պայթյունի գործով 4 անձ ձերբակալվել է


«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո, Երևան, 17-ը օգոստոսի, 2022թ.
«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո, Երևան, 17-ը օգոստոսի, 2022թ.

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից երկու շաբաթ անց իրավապահներն այսօր հայտարարեցին 4 անձի ձերբակալման մասին։ Նրանցից մեկն առևտրի կենտրոնի փոխտնօրենն է, երեքը՝ պահեստը շահագործող անձինք, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Սուրմալու»-ի փոխտնօրենին ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Մյուս երկու անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։

Ոչ Գլխավոր դատախազությունը, ոչ էլ Քննչական կոմիտեն մեղադրյալների անունները չեն բացահայտում։ Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 6 հեկտար տարածքով այս տոնավաճառում 19 վարձակալ կա:

«4-ն էլ ձերբակալված են, Դատախազությանը ներկայացվել է, որ այսօր կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարան», - ասաց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Առաջադրված մեղադրանքներով ձերբակալվածներին սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում։

Քրեական գործում դեռևս կարգավիճակ չունի «Սուրմալու»-ի սեփականատերը։ Առնվազն 16 մարդու կյանք խլած դեպքից ավելի քան տասն օր անց իրավապահները առևտրի կենտրոնի տիրոջը չեն էլ հանդիպել։

«Երևանի պահածոների գործարանը», որը շահագործում է «Սուրմալու» առևտրի կենտրոնը, պաշտոնական տվյալներով՝ մեկ սեփականատեր ունի՝ 86-ամյա Ռազմիկ Զախարյանը, որի հեռախոսն անհասանելի է։ Անջատված է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի ղեկավարի հեռախոսահամարը։

Երեկ Դատախազությունը հաղորդել էր, որ նախորդ տարի «Սուրմալուի» տարածքում հրդեհային անվտանգության նորմերի մոտ երկու տասնյակ խախտում էր հայտնաբերվել, սակայն տեսչական մարմինը հետամուտ չի եղել պարզելու, թե արդյոք դրանք վերացվել են։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք տեսչական մարմինների անգործությունը չի դիտարկվելու քրեական վարույթի շրջանում, քննչական մարմնի խոսնակն արձագանքեց, որ այս պահին միայն 4 մեղադրյալի մասին կարող են խոսել. - «Տեսչական մարմնի աշխատակիցները հարցաքննվել են, բայց նրանք ունեն վկայի կարգավիճակ առայժմ»:

Առայսօր պայթյունի պաշտոնական միակ վարկածը շենքում պահվող մեծ քանակի հրավտանգ նյութերն են եղել։ Դեպքից անմիջապես հետո Քննչական կոմիտեն հորդորել էր քաղաքացիներին ոստիկանություն ներկայացնել հրավառության համար նախատեսված նյութեր, պարագաներ են, որոնք գնել էին «Սուրմալու»-ից, բայց չեն օգտագործել։

Ըստ Թադևոսյանի՝ ներկայացված նմուշները հիմա փորձաքննություն են անցնում։ «Իհարկե, եղել են դեպքեր՝ բերել են, ներկայացրել են, եղել են դեպքեր նաև, որ մարդիկ մեծ քանակությամբ, նույնիսկ 20 միլիոն դրամի չափով, նրանք որովհետև նման ծառայություններ են մատուցել հրավառությունների, գնած են եղել, հետո ոչ թե ամբողջությամբ են բերել՝ յուրաքանչյուր նմուշ մեկական նրանք տարել ներկայացրել են Ոստիկանություն»:

Քննչական կոմիտեն տեղեկություն չունի՝ արդյո՞ք առևտրի այլ կենտրոններից հրավտանգ նյութերը հավաքվել են, թե՝ ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG