Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ում ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը ըստ էության բացառվում է. վարչապետ


Հրդեհը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, Երևան, 15-ը օգոստոսի, 2022թ.
Հրդեհը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, Երևան, 15-ը օգոստոսի, 2022թ.

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ այս պահին առկա ապացույցների համաձայն` ողբերգության պատճառն անզգուշությունն է, այսօր կառավարության նիստին ասաց Քննչական կոմիտեի ղեկավարը։

«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում նաև Ձեր կողմից նշված վարկածները, սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ: Այս պահի դրությամբ քրեական գործում առկա ապացույցները ավելի շատ վկայում են անզգուշությամբ, մեղքի անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ», - ասաց Արգիշտի Քյարամյանը:

«Մենք, ըստ էության, քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, էսպես ասած՝ ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը ըստ էության բացառվում է, ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Եվ, ըստ էության, համենայն դեպս, նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիրակի՝ ողբերգության հենց նույն օրը, Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել անզգուշությամբ կատարված հանցագործության՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները խախտելու հոդվածներով։

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն այսօր գործադիրի նիստին այդպես էլ չմանրամասնեց՝ արդյոք արդեն կա՞ն կասկածյալներ կամ մեղադրյալներ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն ավելի ուշ «Ազատությանը» փոխանցեց՝ դեռևս չկա որևէ կասկածյալ կամ մեղադրյալ, հարցաքննվել է ավելի քան 60 մարդ, հիմնականում՝ տուժողներ ու առևտրականներ, տարածքի սեփականատերը, սակայն, մինչ այս պահը հարցաքննության չի կանչվել:

Գլխավոր դատախազի խորհրդականը երեկ «Ազատությանն» ասել էր՝ դեռ ամբողջական տվյալներ չունեն և առայժմ ղեկավարությանը հարցաքննելու անհրաժեշտություն չեն տեսնում, չբացառելով միաժամանակ, որ երբ այդ անհրաժեշտությունն ի հայտ գա, վերջիններս կարող են արդեն երկրում չլինել:

Իրավապահները քրեական գործ էին հարուցել նաև «Սուրմալու»-ում անցած տարի տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո, սակայն այդ գործով էլ դեռևս որևէ մեկը ձերբակալված չէ, կա մեկ մեղադրյալ, թե ով է՝ Դատախազությունը չի մանրամասնում:

Ու մինչ իրավապահները տվյալներ են հավաքագրում՝ կատարվածի ու պատճառների ամբողջական պատկերը ստանալու համար, «Սուրմալու»-ի երբեմնի վարձակալ Գագիկ Սիմոնյանը պնդում է՝ դեռ անցած տարի է դիմել Դատախազություն՝ խնդրելով փակել «Սուրմալու»-ն անվտանգության կանոնների խախտման պատճառով։

«Շաբաթական մի հինգ-վեց անգամ լար էր վառվում»

«Շաբաթական մի հինգ-վեց անգամ էդ երևույթը՝ անընդհատ լար էր վառվում, անընդհատ վառվում էր, շաբաթական, օրական վառվում էր, օրական հոսանքազրկվում էր, օրական ըտեղի աշխատանքները դադարեցվում էր, թողում գնում էինք, աշխատակիցները, որովհետև հոսանք չկար: Ու լարերը, որ դուք մտնեք «Սուրմալու»-ի տարածք, նկարեք, սենց, էն Մումբայը ոնց որ լինի, հնդկական տրուշչոբաները [հետնախորշերը], սենց էդ լարերը դրսերով, սաղի տանիքներով-բանով գնում ա: Էդ սաղ տեղից վտանգ ա», - «Ազատությանը» պատմեց գործարարը:

Պարզվում է, որ գործարարի դիմումից հետո Քննչական կոմիտեն փորձաքննություններ է նշանակել, դրանցով արդեն հաստատվել է, որ անցած տարվա ապրիլի խոշոր հրդեհը բռնկվել էր անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Ընդ որում, այս եզրակացությունն իրավապահները ստացել են վերջին պայթյունից մեկ ամիս առաջ դեռ, սակայն տոնավաճառը փակելու որոշում այդպես էլ չի կայացվել։

«Նայեք ոնց ա՝ մենք ժամը 8-ից հետո, պարտավոր ենք եղել մինչև 8-ը լքել տարածքը, ու էդ տարածքը հսկում են անվտանգության աշխատակիցները: Այսինքն, եթե ըստ տրամաբանության ենք մոտենում, եթե ես 8-ից հետո իմ խանութին կամ տաղավարին մոտենալու իրավունք չունեմ, այսինքն՝ փակ ա, ընդհանուր տարածքը հսկվում ա անվտանգության աշխատակիցների կողմից, ո՞վ ա ապահովում իմ անվտանգությունը, այսինքն՝ դուք, չէ՞՝ եթե դուք ինձ արգելում եք ես էդտեղ մտնեմ, ուրեմն դուք եք ապահովում», - շեշտեց Սիմոնյանը:

47-ամյա գործարարի շուրջ 200 քառակուսի մետր մակերեսով խանութն անցած տարվա հրդեհից մոխրացել էր։ 100 միլիոն դրամի վնաս էր կրել, «Սուրմալու»-ի ղեկավարությունը, սակայն, հրաժարվել էր փոխհատուցել։ Պատմում է, որ խորհրդային այդ շենքը ժամանակին հրշեջ հիդրանտներ է ունեցել, որոնցում պահվող ջուրն օգտագործվում է հրդեհների ժամանակ. - «Նախկին Պահածոների գործարանն ա, որտեղ եղել ա հիդրանտներ՝ հրդեհների համար նախատեսված տեղեր, որտեղից որ ջուրը դուրս ա գալիս, կարում ա հրշեջ մեքենան միանա՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարի: Էդ ամենը փակվել ա, վրեն տաղավարներ ա սարքել՝ չկա, հիդրանտը չկա: Տասը հաշվարկ էկել ա էդ օրը գիշերը, էդ տասը հաշվարկի ջուրը վերջացել ա, մինչև գնացել ա նորից լցնի գա՝ հասել ա կրակն իմ խանութ, ու այրվել ա իմ խանութը: Ես իրանց ասում եմ՝ «եթե դուք չփակեիք դա, եթե դուք տարածքում ունենայիք ջուր, բասեյն, ապահովեիք հրշեջներին ջրով, միգուցե իմ խանութը չվառվեր»:

Նյութական մեծ վնասից հետո գործարարը փակել էր «Սուրմալու»-ում ունեցած երկրորդ խանութը, երկու խանութների վարձակալության համար ամսական ավելի քան 1 միլիոն դրամ էր վճարում։ Սիմոնյանը պնդում է՝ առևտրի կենտրոնում աշխատելու տասը տարիների ընթացքում որևէ տեսուչի չի տեսել։ Վերահսկողությունը չի խստացվել անգամ ամանորյա տոներին ընդառաջ, երբ արդեն ավտոմեքենաների կանայատեղիներն էին վերածվում պայթուցիկներ վաճառող բացօթյա խանութների։

Թեև ըստ Կադաստրի կոմիտեի՝ տոնավաճառի 6 հեկտար տարածքում գրանցված է եղել 19 վարձակալ, սակայն գործարարը պնդում է՝ իրականում տեղում գործել է մի քանի հազար տաղավար։ Ընդ որում, տեղի վարձակալները «Ազատությանը» պատմել են, որ տևական ժամանակ վարձակալության գումարը վճարել են առձեռն և չգիտեն՝ դրա որ մասն է որպես հարկ պետբյուջե վճարվել։

«Սուրմալու»-ում ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը ըստ էության բացառվում է. վարչապետ
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00

XS
SM
MD
LG