Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ի գործով արդեն պետք է հստակեցված լիներ մեղադրյալների շրջանակը. իրավապաշտպան


Պայթյունը և հրդեհը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, Երևան, 14-ը օգոստոսի, 2022թ.
Պայթյունը և հրդեհը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, Երևան, 14-ը օգոստոսի, 2022թ.

16 մարդու, այդ թվում՝ հղի կնոջ ու 5-ամյա երեխայի կյանք խլած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից գրեթե մեկ շաբաթ անց դեռ որևէ մեկը չի ձերբակալվել, չկա նաև կասկածյալների շրջանակ։

Այսօր Քննչական կոմիտեի խոսնակը, մանրամասներ չնշելով, փոխանցեց միայն, որ տուժողներից և վարձակալներից բացի, հարցաքննվել են նաև տեսչական մարմնի ներկայացուցիչները։ Այդուհանդերձ, ավելի քան 60 հարցաքննվածներից և ոչ մեկին, այդ թվում՝ պետական կառույցի ներկայացուցիչներին, մեղադրանք առաջադրված չէ։ Իրավապահներն անգամ չեն լսել «Սուրմալու»-ի սեփականատիրոջը կամ տնօրեններին՝ խոստանալով առաջիկայում նրանց ևս կանչել հարցաքննության։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, կարծում է՝ Քննչական կոմիտեն արդեն պետք է հստակեցրած լիներ մեղադրյալների շրջանակը և մեղադրանք առաջադրեր թե՛ տոնավաճառի ղեկավարությանը, թե՛ տեսչական մարմնի պատասխանատուներին։

«Հաշվի առնելով, որ դեռևս մեկ տարի առաջ անվտանգության, հակահրդեհային նաև կանոնների պահպանման վիճակի վերաբերյալ եղել է ուսումնասիրություն, և նաև հստակ հրահանգներ են տրվել և առաջարկներ են ներկայացվել՝ համապատասխանեցնելու, և այդ հանձնարարականները չեն կատարվել և տեղի է ունեցել այս ողբերգական միջադեպը, ուղղակի այս իմ նշած փաստերը հիմք են ոչ միայն հարցաքննելու, իհարկե, պետք է հարցաքննվեն այդ «Սուրմալու»-ի սեփականատերը կամ սեփականատերերը, այլ նաև որպես կասկածյալ կամ մեղադրյալ առնվազն պետք է ներգրավված լինի, միանշանակ, տեսչական մարմնի ներկայացուցիչներից՝ որպես պաշտոնեական իրենց պարտականությունները չկատարածներ, պետք է ներգրավել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաքունցը:

Իրավապաշտպանը պնդում է՝ դեռ անցած տարի «Սուրմալու»-ում ավելի քան երկու տասնյակ խախտումներ հայտնաբերած տեսչական մարմնի աշխատողները պետք է առաջինը մեղադրվեն անփութության համար։ Նրանք արդեն հայտարարել են, որ չնայած խախտումներին, վերստուգման չեն գնացել պարզելու՝ դրանք վերացվե՞լ են, թե՞՝ ոչ։ Տեսչական մարմինը պնդել էր, թե ծանրաբեռնված են աշխատում, Երևանում ընդամենը վեց տեսուչ ունեն։

«Եթե հիմնավորում են ներկայացնում, որ ծանրաբեռնված են եղել, և այլն, և այլն, բայց կա շատ հստակ մի սկզբունք առաջնահերթության տեսակետից, որ քանի որ մարդկանց մեծ հոսք կա, իսկ դա պարզ է, որ մեծ հոսք կա, և էդ թերությունների չվերացնելու հետևանքները կարող են շատ ավելի մեծ ծավալի ազդեցություն ունենալ, որը այդ ողբերգական դեպքով երևաց, բնականաբար, այդտեղ որևէ պատճառաբանություն, հիմնավորում և այլն չի կարող ի գիտություն ընդունվի, մինչև դա քննության առարկա չդառնա՝ ինչո՞ւ են ծանրաբեռնված եղել, և արդյո՞ք
այդ ծանրաբեռնվածությունը օբյեկտիվ հանգամանք է, որ նրանց մեղավորությունը ամենաքիչը լինի», - ասաց իրավապաշտպանը:

Տեսչական մարմնից «Ազատությանը» փոխանցել էին նաև, թե անցած տարվա ստուգման ընթացքում «Սուրմալու»-ում որևէ պայթուցիկ նյութ չեն հայտնաբերել, մինչդեռ գնորդները նշում են, որ նման ապրանքներ տեղում վաղուց են վաճառվում։ Այդ են վկայում նաև շուկայի արխիվային կադրերը, ինչպես նաև տարածքի ներկայիս ու նախկին վարձակալները։

«Տեսչական մարմինը չպետք է սպասեր խախտումների վերացմանը, այլ պետք է 2021-ին փակեր տոնավաճառը»

Տոնավաճառի խախտումներն այնքան վտանգավոր էին, որ տեսչական մարմինը չպետք է սպասեր դրանց վերացմանը, այլ մինչ այդ պետք է պարզապես փակեր այն և դրանց մասին ահազանգեր իրավապահներին, «Ազատության» հետ զրույցում ասում է փաստաբան Տիգրան Մուրադյանը։

«Ասում է՝ 55 քմ և ավել մակերեսով բնական լուսավորություն չունեցող շենքում տեղադրված չէ հակածխային պաշտպանության համակարգ: Այսինքն՝ փաստեր են արձանագրվել, որ պետք չէր սրա համար նորից փորձաքննություն նշանակել», - նշեց փաստաբանը:

«Սուրմալու»-ի հրդեհը 2021 թվականի ապրիլի 6-ին
«Սուրմալու»-ի հրդեհը 2021 թվականի ապրիլի 6-ին


Մուրադյանը «Սուրմալու»-ում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած հրդեհից տուժածների փաստաբանն է, որ դեռ անցած տարվանից փոխհատուցում է պահանջում ընկերություններից մեկի կորցրած ավելի քան 100 միլիոն դրամի համար։

Փաստաբանը մեկ տարի առաջ էր դիմել Դատախազություն՝ ներկայացնելով տեսչականի խախտումները, և խնդրել մինչև դրանց վերացնելը փակել առևտրի կենտրոնը։ Դատախազությունը, սակայն, միայն երեկ է արձագանքել փաստաբանի բողոքին՝ նշելով, որ տոնավաճառը փակելու առաջարկը փոխանցել են Քննչական կոմիտե։

«Դատախազությունը երբ որ ուղարկեց քննիչին, ասեց՝ «էս հարցը որոշիր», հաջորդ գործողությունը պետք է լիներ այն, որ հսկողություն իրականացներ: Եթե էսօր Դատախազությունը փորձել է էսպիսի պատասխան տալ, ասել, որ իրավասությունների մասին մակերեսային է մեր մոտեցումը, ապա ես ուղղակի փակագծերը բացում եմ, ասում եմ՝ «մակերեսային չէ, այլ ձեր հենց իրավասության սահմաններում է եղել, դուք պարտավոր էիք, երբ որ ուղարկել էիք քննիչին, հետամուտ լինեիք, իրականացնեիք ձեր հսկողությունն իրականացնելու իրավասությունը, տեսնեիք՝ էդ հարցով ի՞նչ որոշում է կայացվել՝ բավարարել է, մերժել է, հետաձգել է միջնորդության քննարկումը», - ընդգծեց Մուրադյանը:

Անվտանգության կանոնների խախտումները «Սուրմալու»-ում հայտնաբերվել էին անցած տարվա մարտին՝ հրդեհից կես ամիս առաջ։ Դրանից հետո հարուցված քրեական գործով առայժմ մեկ մեղադրյալ կա, թե ով է՝ իրավապահները չեն բացահայտում։ Քննիչը դեռ անցած տարի էր փորձաքննություն նշանակել, որի պատասխանը ստացել են այս կիրակի տեղի ունեցած ողբերգությունից մեկ ամիս առաջ։ Ըստ այդմ՝ հաստատվել են տեսչականի ստուգման եզրահանգումները, որ անվտանգության կանոնները պահպանված չեն, ինչն էլ բերել է անցած տարվա հրդեհի առաջացմանը։

«Որ տեսչական մարմինը տարիներ շարունակ հանդուրժել է այս իրավիճակը, տեսչական մարմնից առաջ էլ՝ ով որ տեսչական մարմնի գործառույթ է իրականացրել, ես կարծում եմ՝ նա էլ է հանդուրժել այս իրավիճակը... Չգիտեմ՝ ինչի արդյունքում, հրդեհից՝ 21 թվականի հրդեհից մոտ 15 օր առաջ արձանագրվել են այս խախտումները: Ես նույնիսկ կասկածում եմ՝ հրդեհից հետո են արձանագրել, ուղղակի հետին ամսաթվով են գրել, որպեսզի ցույց տան, որ՝ «այ, մենք հրդեհից առաջ ենք արձանագրել»: Էդ ուղղակի կասկած է, ենթադրություն է, չեմ կարող հաստատ պնդել», - նշեց Տիգրան Մուրադյանը:


Կիրակի օրը «Սուրմալու»-ում տեղի ունեցած խոշոր պայթյունի նախնական պատճառը, ըստ Քննչական կոմիտեի,անզգուշությունն է։ Մինչ իրավապահները պարզում են թե՛ այս, թե՛ անցած տարվա հրդեհի հանգամանքները, «Սուրմալու»-ում տարիներ շարունակ առանց անվտանգության կանոնների աշխատած տնտեսվարողների մի մասը հրաժարվում է բարձրաձայնել այդ խախտումների մասին՝ ճնշման ենթարկվելով սեփականատերերին մոտ կանգնած անձանց կողմից։

XS
SM
MD
LG