«Ազատություն». - Ադրբեջանը չի թաքցնում իր հաջորդ նպատակը՝ ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը։ Որքանո՞վ եք իրատեսական համարում այս սցենարը։ Միայն հավելեմ՝ Երևանում կարծում են, որ դա ղարաբաղահայության ցեղասպանության սպառնալիք է։
Վարդանյան. - Ինձ համար դժվար է ասել, թե որքանով է դա հավանական, ու ես հիանալի հասկանում եմ այն մարդկանց, այդ թվում Լեռնային Ղարաբաղում բնակվողներին, նաև այն զինվորականներին ու փորձագետներին, որոնք Հայաստանում այս տեսակետն են բարձրաձայնում։ Վերցնենք ինչ-որ հակամարտության գոտի՝ առանց կապելու դա Լեռնային Ղարաբաղի հետ։ Սովորաբար սահմանափակ կոնտինգենտ ունեցող խաղաղապահները որոշակի գործառույթ ունեն։ Այս վերջին սրացման ժամանակ ռուս խաղաղապահների ղեկավարությունն առաջին անգամ հրապարակավ ներկայացրեց իր առաքելությունը։ Նրանք դա համարում են հանգստության ռեժիմի պահպանում, որպեսզի էսկալացիան չվերսկսվի։ Այսինքն՝ նրանց գործառույթը չի ներառում տեղի բնակչության պաշտպանությունը։ Ցանկացած փորձագետ, որ տեսնում էր ռուսական առաքելության կազմը, դրա թվաքանակն ու սպառազինությունը, հասկանում էր, որ դա է իրականում ռուս խաղաղապահների գործառույթը։ Նրանց թվաքանակը շատ փոքր է, և նրանք զինված են թեթև զենքով, այնպես որ կարող են օգտագործել դա միայն ինքնապաշտպանության համար։ Նրանք չեն կարող լինել այն մարդիկ, որոնք կպաշտպանեն տեղի բնակչությանը ինչ-որ առճակատման դեպքում։ Կարևոր չէ այս բնակչությունը հայկակա՞ն լինի, թե՞ ադրբեջանական։ Ինչու եմ նշում սա։ Որովհետև այդ ժամանակ հարց է առաջանում՝ ո՞վ է տալու տեղի բնակչության անվտանգության երաշխիքները։ Եվ ինձ թվում է, որ ի սկզբանե ռուսական կողմն ավելի լոյալ է գտնվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչների ներկայության նկատմամբ։ Այդ վերաբերմունքը բխում էր նրանից, որ նրանց գործառույթը այլ է, և պետք է լինեն որոշ ուժեր, որոնք անմիջականորեն ներգրավված կլինեն բնակչության անվտանգության պահպանման գործում։ Եթե խոսակցությունը լիակատար ապառազմականացման մասին է, որ հայերը պետք է վայր դնեն զենքը, ամբողջությամբ ոչնչացնեն, ասենք, զրահամեքենաներ կամ ինչ-որ այլ տեխնիկա, որն ապահովում է բնակչության անվտանգությունը, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ անել այս անվտանգության հետ կապված։ Ի՞նչ է սա ենթադրում։ Արդյո՞ք դա ռուս խաղաղապահների կոնտինգենտի ավելացում է, ինչպես դա պահանջում էին Ստեփանակերտում Փառուխի դեպքերից հետո։ Ինձ թվում է, որ դա այն սցենարը չէ, որ կուզենային տեսնել Բաքվում։ Եվ սա հավանաբար շատ հայ պաշտոնյաներ նույնպես չէին ցանկանա տեսնել։ Այսինքն՝ ռուս զինվորականների է'լ ավելի մեծ ներկայություն տեղում։ Այնպես որ, ինչպես գիտեք, յուրաքանչյուր պահանջ իր հակառակ կողմն ունի։ Եթե այնուամենայնիվ խոսակցությունը լրջորեն ընթանա ապառազմականացման մասին, ապա մենք պետք է քննարկենք, թե գետնի վրա ով է ապահովելու այդ անվտանգությունը տեղի բնակչության համար, և արդյո՞ք դա կնշանակի ռուսական ներկայության է'լ ավելի ընդլայնում։ Հասկանում եմ, որ այն, ինչ հիմա կասեմ, այնքան էլ մարդկանց սրտով չի լինելու, բայց մենք տեսնում ենք, որ ադրբեջանական բանակը շատ ուժեղ է։ Թեկուզ Թուրքիայի ու որոշ ուժերի աջակցությամբ, բայց ադրբեջանական բանակը կարողացավ հասնել հաղթանակի 2020-ին։ Եվ սա շատ կարևոր գործոն է, երբ խոսում ենք այն մասին, թե ինչի համար է անհրաժեշտ տեղի ուժերի համար զինված մարդկանց պահել տեղում։
«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կգնա՞ ավելի հեռու՝ հրաժարվելով ռուսական կոնտինգենտից։
Վարդանյան. - Դե, ինձ թվում է, որ ամեն ինչ դրան է գնում: Ու ես կարծում եմ, որ մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և այն մարդկանց հետ, որոնք ապրում են հենց հակամարտության գոտում, և ապրում են այս սպառնալիքի տակ, ու ասենք, որ նման հնարավորություն կա։ Եվ, ցավոք սրտի, երբ և՛ Բաքուն, և՛ հիմա էլ Երևանի կողմից բարձրացվում է խաղաղապահների գործառույթի հարցը, իսկ նրանք կատարում են իրենց անմիջական գործառույթը, դա նրանց դնում է այնպիսի մի իրավիճակի մեջ, երբ նույնիսկ մինչև 2025 թվականը նրանք պարզապես ի վիճակի չեն լինի կատարել իրենց աշխատանքը: Ու ինձ թվում է, որ մարդիկ, որոնք բարձրացնում են ռուս խաղաղապահների վերաբերյալ այդ հարցերը, հատկապես անելով դա հրապարակավ, պետք է գիտակցեն իրենց արածի հետևանքները, հասկանան, որ նրանք ուղղակի ամբողջությամբ զրկում են ռուս խաղաղապահներին իրենց գործառույթի մնացորդներից:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.