Մատչելիության հղումներ

Ըստ արցախցի պատգամավորի, Հայաստան-Արցախ կապը մինչև ամսվա վերջ ապահովվելու է Լաչինի գործող միջանցքով


Հայաստան-Արցախ կապը առնվազն մինչև օգոստոսի վերջ ապահովվելու է Լաչինի գործող միջանցքով, մինչև պատրաստ կլինի ժամանակավոր ճանապարհը, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցությունը ղեկավարող Արթուր Հարությունյանը։

Մինչև հաջորդ տարվա գարուն՝ Լաչինի միջանցքին նոր երթուղու Կոռնիձորի հատվածի շինարարության ավարտը, ժամանակավոր այս ճանապարհն է գործելու։ Պատրաստ լինելու պես, արցախցի պատգամավորներին վստահեցրել են զորակազմից, ռուս խաղաղապահները կտեղակայվեն այնտեղ։

«Գործող միջանցքով մինչև ամսվա վերջ գործելու է, ռուսական խաղաղապահները տեղակայված են լինելու հիմա գործող միջանցքում, էն մի ճանապարհը պատրաստ լինելու և այդ անվտանգային հարցերը կարգավորվելուն պես անցնելու են նոր ճանապարհի երկայնքով: Շինարարները պետք է ավարտեն, հիմա կարող ա 1-ին ավարտվի, 3-ին, 4-ին, կամ 31-ին՝ ըստ շինարարական աշխատանքի գրաֆիկի», - ասաց Հարությունյանը:

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ «եթե ճանապարհը շահագործվելու էր սեպտեմբերի 1-ից, ի՞նչ նպատակ ուներ Աղավնոյից, Բերձորից մարդկանց այսքան արագ հանելը», «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության ղեկավարը նշեց. - «Ժամանակին այդ ամեն ինչը կազմակերպվել է, որովհետև էնտեղ ենթակառուցվածքների խնդիր կա, իրանց ունեցվածքը հանելու և մնացած բոլոր մասերը: Այսինքն՝ տենց արագ էլ չէր, ուղղակի ժամանակին այդ ամեն ինչը կազմակերպվել է, որպեսզի օրերի հարց չլինի»:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տեսանյութեր են տարածվում, թե Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Հեղինակն էլ եզրակացնում է՝ սա նշանակում է՝ խաղաղապահները կարճ ժամանակ անց կհեռանան այստեղից և միջանցք այլևս չի լինի:

Արցախից վստահեցնում են. - «Մինչև ամսվա վերջ ճանապարհը, որ շահագործման հանձնվի իրանք արդեն կտեղափոխվեն, զուգահեռ էդ ամեն ինչը արվում ա էլի, զուգահեռ հանվում ա: Էդպիսի բան չկա, ճանապարհին իրանք լինելու են էնքան, մինչև նոր ճանապարհը շահագործվի»:

Նախօրեին Արցախի ԱԺ-ի 5 խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Վոլկովին։ Հանդիպմանը մասնակցած Արթուր Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունը, թե «ռուս խաղաղապահները «ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել», երկիմաստ էր, նաև այդ հարցն էին ռուս խաղաղապահ զորակազմից ուզում հստակեցնել:

«Այսինքն՝ խոսքը վերաբերվում է հիմնական ճանապարհին, թե՝ այլընտրանքային, որը ժամանակավոր պետք է օգտագործվի, մինչև նոր հիմնական ճանապարհի կառուցումը, ու պարզաբանում տրվեց, որ խոսքը վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, որը մինչև այս ամսվա վերջ պետք է արդեն պատրաստ լինի՝ 11,8 կմ-ին փոխարինող 4 կմ, որը դուրս է գալիս Աղավնոյի վերևի հատված: Այդ ճանապարհը պատրաստ լինելուն պես, հիմնական ամբողջ ճանապարհի նոր երթուղու վրա, որը անցնում է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով, այդ ճանապարհի ամբողջ երկայնքով նույն միջանցքի տրամաբանությունն է գործելու, այսինքն ռուսական խաղաղապահ զորակազմը տեղավորվելու է արդեն նոր ճանապարհի երկայնքով», - ասաց Հարությունյանը:

Ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատուները, ըստ Արցախի ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարության, երեկվա հանդիպման ժամանակ իրենց հավաստիացրել են, որ Հայաստանին կապող նոր երթուղին ունենալու է գործող միջանցքի նույն կարգավիճակը՝ անվտանգային բոլոր բաղադրիչների պահպանմամբ՝ 5 կմ-անոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։

Թե՛ իշխող «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության Արթուր Հարությունյանը, թե՛ ընդդիմադիր Դաշնակցության ղեկավար Արթուր Մոսիյանը վստահեցնում են՝ ժամանակավոր ճանապարհի դեպքում էլ անվտանգային գոտին պետք է ապահովվի:

«Մեզ հավաստիացրել են, որ նույն միջանցքի տրամաբանությունն է գործելու, 2,5-2,5 անվտանգության գոտիով, այնտեղ կան ադրբեջանական զինված ուժերի հենակետեր, որոնք պետք է դուրս բերվեն այդ հատվածից, հետո արդեն նոր ճանապարհով երթուղին կազմակերպեն», - ասաց Հարությունյանը:

«Եթե միջանցք է, ճանապարհից աջ ու ձախ 2,5 կմ հեռավորության վրա ոչ մի դիրք չպիտի լինի՝ բացի ռուս խաղաղապահների դիրքից», - նշեց Մոսիյանը:

Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը մեկ շաբաթ առաջ «Ազատությանը» ասել էր մինչև օգոստոսի 25-ը, հնարավոր է էլ ավելի շուտ, ավարտեն Հայաստանն Արցախին կապող ժամանակավոր ճանապարհի շինարարությունը։ Ո՞րն էր ձգձգման պատճառը հարցին նախարարը արձագանքեց:

«Էն ժամանակ պլանավորել էինք, որ խճապատած լինի ճանապարհը, էդ ամսի 23-ի դրությամբ ավարտել ենք, հիմա խնդիր են դրել, որ ասֆալտապատում ենք, հիմա էլ ասֆալտապատում ենք, մի 3-4 օրվա ընթացքում կավարտենք», - ասաց Սարգսյանը:

Իշխանությունից հնչող հայտարարություններին զուգահեռ, որ Հայաստանի հետ կապը դեռ մի քանի օր Լաչինի գործող միջանցքով կլինի, Արցախի ՄԻՊ-ը կոչ արեց կառավարությանը պատշաճ իրազեկել մարդկանց, այդ թվում՝ ճանապարհների կառուցման և երթուղիների փոփոխության վերաբերյալ։ «Ազատության» հետ զրույցում Գեղամ Ստեփանյանն ասաց՝ պաշտոնական իրազեկում Արցախում չի եղել, իր հայտարարությունը նաև այդ առիթով էր։

XS
SM
MD
LG