Հայաստանն Արցախին կապող ժամանակավոր ճանապարհի շինարարությունը սկսվել է. Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի տեղեկացմամբ՝ մինչև օգոստոսի 25-ը, հնարավոր է էլ ավելի շուտ՝ աշխատանքը կավարտեն:
«Տեղ-տեղ շեբենով կա, ջրահեռացում ամեն ինչ էլ արվում ա, սաղ ճանապարհը պատրաստ ա լինելու, մնալու ա մենակ ասֆալտապատելը», - ասաց Սարգսյանը:
Աղավնոյի, Բերձորի բնակիչները մինչև այս ահազանգում էին՝ Լաչինի միջանցքը օրեր անց կփակվի, իսկ դրան փոխարինող ճանապարհը եկող տարվա գարնան է պատրաստ լինելու, ինչպե՞ս է ապահովվելու Հայաստան -Արցախ կապը իշխանությունների առաջարկած անմխիթար ճանապարհով:
«Էս պահին անցանելի չի, բայց դե պիտի աշխատանքներ կտարվեն. ցածր մեքենաներ չեն կարա գնան», - ասում է Աղավնոյի բնակիչ Կարեն Հակոբյանը:
4,7 կիլմոտրանոց հողային ժամանակավոր ճանապարհը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն ու Սյունիքի Կոռնիձորի վարչական տարածքով միանում Հագարի գետի վրա ադրբեջանցիների կառուցած կամրջին:
«Ղարաբաղից որ գալիս ես, էդ կամուրջն անցնում աջ ես թեքվում, տենց ձորով բարձրանում ա դեպի Աղավնո, այսինքն՝ նկատի ունեմ դեպի մայրուղի՝ Աղավնոյից վերև», - նշեց Կոռնիձորի համայնքապետ Արշակ կարապետյանը:
Կոռնիձորի համայնքապետն ասում է՝ գյուղից էլ է տեսանելի հայկական կողմն ակտիվ աշխատում է, 4.7 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ 70 տոկոսը անցնում է Կոռնիձորի այգիներով:
«Նախկինում էդտեղ բաղեր ենք ունեցել, մարդիկ հիմա մշակում են այգիները, էդ ճանապարհը դրա համար ա եղել նախկինում», - ներկայացրեց Կարապետյանը:
ճանապարհի մի կտորն էլ ադրբեջանցիների հսկողության տակ անցած տարածքում է՝ Տարածքային կառավարման նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ այս ժամանակավոր ճանապարհի վրա էլ ռուս խաղաղապահներ կտեղակայվեն:
Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհը պատրաստ կլինի շուրջ 8 ամսից, հնարավոր կլինի՞ այս ընթացքում անխափան երթևեկել այս թեպետ կառուցապատվող, բայց գրունտային ճանապարհով, Արցախի քաղաքաշինության նախարարը վստահեցնում է՝ այո:
«Էդ ճանապարհը մենք ենք սպասարկում, Քաղաքաշինության նախարարության ենթական ստորաբաժանումը, էդ ճանապարհը երբեք անանցանելի չի լինելու», - ասաց Արամ Սարգսյանը:
Քաղաքաշինության նախարարության «Արցախ ուղի» ընկերությունն է իրականացնում կառուցապատումը՝ իր միջոցներով, որոշակի աջակցություն տրամադրել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
«Էդ ճանապարհը դժվարանցանելի ճանապարհ ա, բայց եթե աշխատանքները կատարվեն, եթե կարողանան հասցնեն սարքեն, ինձ թվում ա, արդեն կկարողանան օգտագործեն էլի», - նշեց Աղավնոյի բնակիչ Պողոս Աղաբեկյանը:
Շինարարությունը տեսանելի է նաև իրերը հավաքող Աղավնոյում. 7 օրից Հայաստան-Արցախ նոր երթուղին շրջանցելու է Բերձոր -Աղավնոն: