Այսօր Ուկրաինայի անկախության 31-րդ տարեդարձը։ Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի կես տարին է, վեց ամիս առաջ այս օրը՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկախության օրվա իր էմոցիոնալ ուղերձում միաձուլել է այս երկու իրադարձությունները։
«Վերջապես մենք միավորվեցինք։ Նոր ազգ, որ ծնվեց փետրվարի 24-ին առավոտյան ժամը 4-ին։ Ոչ նորածին, այլ վերածնված ազգ, որը չի լացում, չի ճչում, չի վախենում, չի փախչում, չի հանձնվում և չի մոռանում», - ասել է նա։
Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան պատերազմում կհաղթի և ուկրաինական դրոշը կբարձրացվի Դոնբասում և Ղրմիում։
Նա ասել է, թե թշնամին կարծում էր՝ Ուկրաինայում նրանց կդիմավորեն ծաղիկներով, շամպայնով ու ծափահարություններով, բայց փոխարենը ծաղկեպսակներ, «մոլոտովյան կոկտեյլներ» ու պայթյուններ ստացան։
«Զավթիչը հավատում էր, որ շքերթ է անցկացնելու մեր մայրաքաղաքի կենտրոնում։ Այսօր այդ շքերթի ականատեսը կարող եք լինել Կրեշչատիկ փողոցում։ Ապացույց, որ թշնամու տեխնիկան Կիևի կենտրոնում կարող է հայտնվել միայն այսպիսի տեսքով՝ ավերված և ոչնչացված»,- իր ուղերձի այս մասը Զելենսկին ձայնագրվել է Կիևի կենտրոնում ցուցադրության հանված ռուսական խոցված զինտեխնիկայի ֆոնին։
Զելենսկին անդրադարձել է նաև պատերազմի ավարտի մասին Կիևի տեսլականին։
«Ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այս պատերազմի ավարտը։ Նախկինում մենք ասում էինք խաղաղությամբ, հիմա ասում ենք՝ հաղթանակով։ Մենք փոխըմբռնում չենք փնտրի ահաբեկչի հետ»,- ասել է Զելենսկին, հայտարարելով, որ Ուկրաինան բանակցային սեղանի մոտ չի նստի վախից դրդված, կամ ատրճանակը գլխին պահած, - «մեզ համար Ուկրաինա նշանակում է ամբողջ Ուկրաինան։ Բոլոր 25 շրջանները՝ առանց որևէ զիջման կամ փոխզիջման։ Այդ խոսքերը հրթիռներով ոչնչացվեցին փետրվարի 24-ին։ Դոնբասը Ուկրաինա է, և մենք այն կվերադարձնենք, որքան էլ դժվար լինի։ Ղրիմը Ուկրաինա է, և մենք այն կվերադարձնենք, որքան էլ դժվար լինի»։
Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ այցելել է հուշահամալիրներ, հարգանքի տուրք մատուցել ընթացող պատերազմում և անկախության ճանապարհին զոհվածների հիշատակին, եկեղեցում նրանք մասնակցել են հոգևոր արարողության։
Կիևը զգուշանում է, որ ռուսական ուժերը հրետակոծություններով ու ռմբակոծություններով կարող են փչացնել Ուկրաինայի անկախության օրը, թիրախավորելով նաև կառավարական հաստատությունների շենքերը։ Զանգվածային միջոցառումներ, հավաքներ Ուկրաինայում պլանավորված չեն։
Հրետակոծվել են Խարկովի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերի բնակավայրերը
Սակայն մինչ այս պահը ռուսական ուժերի գործողությունները տեղի են ունեցել սովորական ռեժիմով։
Անցած գիշերը հրետակոծվել են Խարկովի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերի բնակավայրերը։
Արտասահմանցի վերլուծաբանները նշում են, որ վերջին շրջանում ռուսական բանակը Ուկրաինայում հաջողությունների չի հասնում, լոգիստիկ ու մարդուժի խնդիրներ են առաջացել։
Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պնդել է, որ ռուսական բանակը գիտակցաբար է դանդաղեցրել հարձակման տեմպերը՝ ձգտելով խուսափել զոհերից խաղաղ բնակչության շրջանում։
Տաշքենդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Շոյգուն նշել է. - «Հատուկ գործողության ընթացքում մենք խստորեն հետևում ենք հումանիտար նորմերին։ Գերճշգրիտ զենքով հարվածներ են հասցվում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառույցներին՝ կառավարման կետերին, օդանավակայաններին, պահեստներին, ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Միաժամանակ ամեն ինչ արվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։ Իհարկե, սա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց մենք դրան գնում ենք գիտակցաբար»։
Ուկրաինայի անկախության օրը ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները կհայտարարի Կիևին ևս 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։