Ֆրանսիայի նախագահն այսօր կրկին զանգահարել է Ռուսաստանի նախագահին՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ Պուտին-Մակրոն զրույցի առանցքում է եղել Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության հարցը։ Ըստ Կրեմլի՝ «նախագահները նշել են օր առաջ այնտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն ուղարկելու կարևորությունը»։ Միջազգային տեսուչները, Կրեմլի հաղորդմամբ, կկարողանան տեղում գնահատել իրական իրավիճակը։
Կրեմլը, սակայն, չի հստակեցնում՝ արդյո՞ք Պուտինը համաձայն է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ատոմակայան հասնեն Կիևի վերահսկողության տակ մնացած տարածքով, ինչպես երեկ երեկոյան պահանջել էր Ուկրաինայի նախագահը:
«Ռուսաստանն անհապաղ և առանց պայմանների պետք է թույլ տա, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների այցը կայանա: Նաև անհապաղ և առանց պայմանների նրանք պետք է զորքերը դուրս բերեն ատոմակայանի տարածքից: Աշխարհն ունի դա ապահովելու ուժը, եթե աշխարհը դա չանի, ապա դուք կարող եք աղբարկղը նետել միջուկային և ռադիացիոն անվտանգության բոլոր միջազգային փաստաթղթերը: Ռուսաստանը ոչնչացնում է այս միջազգային կարգը», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Ատոմակայանի շուրջ մտահոգություններն է՛լ ավելի սրվեցին նախօրեին, երբ սոցցանցերում հայտնվեց 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որն իբր նկարահանվել է Զապորոժիեի ատոմակայանի միջուկային ռեակտորին միացված շարժիչի սրահում։ Կադրերում տեսանելի է առնվազն հինգ բեռնատար, որոնցից մեկի վրա նշված է Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի խորհրդանիշը դարձած Z տառը: Ամերիկյան CNN-ը պնդում է, որ հաստատել է տեսանյութի իսկությունը, ըստ այդմ՝ այն նկարահանվել է ատոմակայանի վեց շարժիչների սենյակներից մեկում։ Թե երբ և ում կողմից է արվել տեսագրությունը, հայտնի չէ։
Մինչ այդ, Մոսկվան և Կիևը հայտարարում են, թե տեղեկություն ունեն, որ այսօր, քանի դեռ Ուկրաինայում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ատոմակայանում դիվերսիա է իրականացվելու։ Մոսկվան պնդում է, թե այդ սադրանքը ծրագրում է ուկրաինական կողմը, Կիևը հակառակն է հայտարարում։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե ուկրաինական զինուժը Վաշինգտոնի առաջարկով անդադար հարվածներ է հասցնում Զապորոժիեի ատոմակայանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին:
«Եթե տեղի ունենա տեխնածին աղետ, դրա հետևանքները կզգան աշխարհի բոլոր անկյուններում: Վաշինգտոնը, Լոնդոնը և նրանց կամակատարներն են կրելու դրա ամբողջ պատասխանատվությունը», - ասել է Պատրուշևը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, իր հերթին, երեկ կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերն ու զինտեխնիկան ատոմակայանի տարածքից: Կոչի հասցեատերն ակներևաբար Ռուսաստանն է, քանի որ կայանի շուրջ տարածքում հենց ռուսական զորքերն են:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից ատոմակայանի գրավումը մեծացնում է վթարների վտանգը: Ստոլտենբերգը մեղադրել է Մոսկվային տարածքը որպես ուկրաինական զորքերի վրա հրետանային հարձակման վայր օգտագործելու համար:
Չնայած եվրոպական մայրաքաղաքներից ու կողմերից հնչող ահազանգերին՝ մինչ այս պահը ատոմակայանում անվտանգությունն ապահովելու շուրջ որևէ համաձայնություն չկա։
Մինչ այդ, շարունակվում են մարտերն ու ռմբակոծությունները նաև Ուկրաինայի մյուս շրջաններում։ Խարկովում հրթիռներից մեկը, ուկրաինական կողմի հաղորդմամբ, հարվածել է ուսումնական հաստատության շենքին: Քաղաքի ռմբակոծության հետևանքով մի կին է զոհվել:
Օգոստոսի 17-ին Խարկովում հանրակացարանի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի:
Գնդակոծվել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքը, իսկ Նիկոլաևում, ըստ տեղական իշխանությունների, հրթիռակոծվել է համալսարանի շենքը:
Անցած մեկ օրում միայն հինգ մարդ զոհվել է Դոնեցկի մարզի՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում:
Ռուսական զորքերը շարունակում են Սոլեդար, Սևերսկ և Բախմուտ քաղաքների վրա գրոհելու փորձերը: Այս պահին ռուսների վերահսկողության տակ է Դոնեցկի մարզի շուրջ 60 տոկոսը, և վերջին շաբաթներին նրանց չի հաջողվում շոշափելիորեն առաջ գնալ: Ավելին, ինչպես նշում է Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը, հուլիսի 6-ից ի վեր առաջին անգամ ռուսական աղբյուրները երեկ չեն հաղորդել վերջին օրվա ընթացքում Ուկրաինայի նոր բնակավայրեր գրավելու մասին: Մինչդեռ նախկինում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամեն օր ազդարարում էր ուկրաինական գոնե մեկ գյուղ գրավելու մասին։
Ռուսական անկախ լրատվամիջոցներից «Մեդուզա»-ն, վկայակոչելով իր աղբյուրները Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում, այսօր գրել է, թե Կրեմլում նույնիսկ մտածում են Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանին միացնելու մասին հանրաքվեները մինչև ձմեռ հետաձգելու շուրջ: Մինչ այդ հաղորդվել էր, որ այդ քվեարկությունները պետք է անցկացվեն սեպտեմբերի կեսերին։ Վերջնական որոշում նախագահ Պուտինը դեռ չի ընդունել, հաղորդում է «Մեդուզա»-ն։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։