Ուկրաինայում ռուսների հսկողության տակ գտնվող շրջաններում ու նաև բուն Ռուսաստանի տարածքում անցած գիշեր պայթյուններ են որոտացել:
Այսօր վաղ առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Ղրիմում՝ Սևաստոպոլում տեղակայված Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի շենքին: Այդ մասին հայտնել է Մոսկվայի կողմից Սևաստոպոլի ղեկավար նշանակված Միխայիլ Ռազվոզժաևը: Նրա փոխանցմամբ, անօդաչուի հարվածից ավերվել է շենքի տանիքը, տուժածներ չկան:
Այս հարվածները վկայում են ռազմաճակատի մոտ, ինչպես նաև դրանից հեռու տեղակայված ռուսական ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու Ուկրաինայի բանակի հետզհետե աճող կարողությունների մասին:
Ռուսներն ուկրաինացիների կողմից զինամթերքի պահեստի պայթեցման հետևանքով ստիպված տարհանել են երկու գյուղերի բնակիչներին:
Սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկու կարգադրությամբ Ուկրաինայում որդեգրել են ռազմական հարցերին առնչվող մեկնաբանություններում «համեստություն դրսևորելու» և անմիջական պատասխանատվություն չստանձնելու մարտավարություն:
Այժմ Ուկրաինայի զինվորական ղեկավարները և պաշտպանական գերատեսչության խոսնակները նշում են, թե «այդ պայթյունները կարող են տարբեր պատճառներ ունենալ»:
Միաժամանակ Կիևի իշխանությունները ռուսների կողմից զավթված տարածքների, այդ թվում՝ Ղրիմի բնակիչներին կոչ են անում «հեռու մնալ ռուսական բանակի ռազմական ենթակառուցվածքներից, զորամասերից, հենակետերից, զենքի ու զինամթերքի և վառելիքի պահեստներից»: