Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ուժերը կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ, 7 զինծառայող վիրավորվել է. ՊԲ


Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորվել է 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Այսօր ավելի վաղ էլ Բաքուն Երևանին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ՝ շեշտելով՝ «Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից»։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորել էր Լաչինի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։

Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Հաղորդվել էր նաև զինծառայող Ալբերտ Բախշիյանի վիրավորվելու մասին:

Երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև հաղորդեց, որ վերջին օրերին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի երեք խախտում է արձանագրվել։

XS
SM
MD
LG