Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ


ՌԴ ԱԳՆ, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳՆ, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«Մենք մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ։ Դժբախտաբար, կան զոհեր: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և արագ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,- ասվում է փաստաթղթում:

ՌԴ արտաքին գերատեսչությունը հավաստիացնում է, որ հակամարտության գոտում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու համար:

«Նախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասվում է հայտարարությունում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը և ընդգծում է, որ «բոլոր հակասություններն անհրաժեշտ է կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:

«Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է ուղղվեն Բաքվի և Երևանի հարաբերություններում դրական օրակարգի ձևավորմանը՝ եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:

XS
SM
MD
LG