Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգտիմ չէ․ ԱԽ քարտուղար


Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, այսօր «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է անվտանգության խորհրդի քարտուղարը։

Վկայակոչելով 2020-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր՝ Արմեն Գրիգորյանը նշել է՝ «կողմերի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»:

Ընդգծելով, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է՝ Գրիգորյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի:

«Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ», - ասել է ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանն ու համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: «Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասել է ԱԽ քարտուղարը՝ չհստակեցնելով, թե Հայաստանի առաջարկած ժամանակացույցը ինչ ժամկետներ է ենթադրում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն երեկ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

Արցախի անվտանգության խորհրդի նիստը, 2-ը օգոստոսի, 2022թ․
Արցախի անվտանգության խորհրդի նիստը, 2-ը օգոստոսի, 2022թ․
Թե ինչպես է արձագանքում պաշտոնական Ստեփանակերտը ադրբեջանական կողմի այս պահանջին, երեկ ԱԽ նիստից հետո տարածած հաղորդագրությունում չի հստակեցվում։ Չի նշվում նաև, թե Բաքուն ինչ ժամկետներում է պահանջում Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղի տեղափոխել։

Ադրբեջանական կողմն արդեն ավարտում է ճանապարհի շինարարությունը, իսկ հայկական կողմը հայտնել է, որ դեռ նախագծում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG