ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյի գործակալները առգրավել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական հարցերով փաստաբան Ջոն Իսթմանի ձեռքի հեռախոսը։ Փաստաբանի կարծիքով` FBI-ը հավանաբար գործել է Արդարադատության նախարարության ցուցումով։
Նա հայց է ներկայացրել դաշնային դատարան` պահանջելով, որ Արդարադատության նախարարությունը վերադարձնի իր ունեցվածքը, արգելափակի քննիչների մուտքը իր հեռախոս և ոչնչացնի ձեռք բերված գրառումները։
Իսթմանը իրավապահների ուշադրության շրջանակում է հայտնվել 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա Թրամփի աջակիցների գրոհի գործով։
Այդ միջադեպը ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը նոր ապացույցներ ստանալուց հետո նախատեսում է լսումները շարունակել գալիք հինգշաբթի։