Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգն այցելում է Ֆինլանդիա և Շվեդիա՝ արագացնելու Թուրքիայի պահանջների բավարարումը


Շվեդիան կարևոր քայլեր է ձեռնարկել Թուրքիայի պահանջները բավարարելու և ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում հավանություն ստանալու համար, այսօր հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

«Ես ողջունում եմ այն փաստը, որ Շվեդիան արդեն սկսել է փոփոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը, իսկ զենքի արտահանման օրենսդրական կարգավորումները կարտացոլեն ՆԱՏՕ-ի անդամի ապագա կարգավիճակը», - ասել է Յենս Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը այս օրերին այցելում է Շվեդիա և Ֆինլանդիա՝ քննարկելու այդ երկրների անդամակցության առաջ ծառացած արգելքները հաղթահարելու ուղիները: Այսօր Շվեդիայի վարչապետի հետ ասուլիսի ժամանակ նա ասել է՝ իրենց նպատակն է, որպեսզի սկանդինավյան այդ երկրները հնարավորինս շուտ միանան դաշինքին:

Մագդալենա Անդերսոնը ևս հաստատել է, որ Ստոկհոլմը խստացնում է հակաահաբեկչական օրենքները. - «Վերջին տարիներին մենք բարեփոխել ենք մեր օրենքները և շատ ավելի ուժեղ հակաահաբեկչական օրենսդրություն ունենք, քան նախկինում: Հուլիսի 1-ից մենք հակաահաբեկչական ավելի ուժեղ օրենսդրություն կունենանք: Հետևաբար կասկած չկա, թե Շվեդիան ինչքան լուրջ է մոտենում ահաբեկչությանը, և մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ դրա դեմ պայքարում»:

Նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը Ֆինլանդիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ լեգիտիմ էր համարել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի մտահոգությունները: Ստոլտենբերգը նշել էր, որ սկանդինավյան երկու երկրի անդամակցության հաստատման վերջնաժամկետը հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չէ, սակայն հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա. - «Մենք լուրջ աշխատանք ենք տանում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, Թուրքիայի, ինչպես նաև Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ, որպեսզի լուծենք Թուրքիայի բարձրացրած խնդիրները: Եվ դրանք լեգիտիմ մտավախություններ են, խոսքը ահաբեկչության, զենքի արտահանման մասին է, և մենք պետք է հասկանանք ու հիշենք, որ դաշինքի անդամ ոչ մի երկիր այդքան չի տուժել ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան»:

Յենս Ստոլտենբերգը նաև ողջունել էր Ֆինլանդիայի ու Շվեդիայի պատրաստակամությունը՝ բանակցելու և լուծում գտնելու հարցում. - «Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ճիշտ որոշում էր անդամակցության հայտ ներկայացնելը, որը կամրապնդի նրանց անվտանգությունը, ՆԱՏՕ-ի անվտանգությունը և կայունությունը եվրոատլանտյան ողջ տարածաշրջանում»:

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին սկսեցին խոսել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։ Ի տարբերություն մյուս անդամների, թուրքական իշխանությունները նախ կտրուկ դեմ արտահայտվեցին, հետո էլ Շվեդիային և Ֆինլանդիային պահանջներ ներկայացրեցին:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Անկարան Ստոկհոլմից և Հելսինկիից 10 պահանջ ունի: Թուրքիան, մասնավորապես, ակնկալում է, որ այդ երկրները անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կանեն ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար, կկանխեն իրենց երկրներում Քուրդիստանի բանվորական կուսակցության և գյուլենական շարժման գործունեությունը, կկիսվեն հետախուզական տվյալներով, ինչպես նաև կփակվեն նրանց ֆինանսական և մեդիա ռեսուրսները, կարգելվեն այդ կառույցների ակցիաներն ու ցույցերը, իսկ ահաբեկիչներ համարվող մի շարք անձինք կարտահանձնվեն: Նրանցից մեկը թուրք հայտնի մտավորական, գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն է, որ 2012-ից ապաստանել է Շվեդիայում:

Անկարան նաև պահանջում է, որ Շվեդիան դադարեցնի ռազմական արտադրանքի արտահանման արգելքը դեպքի Թուրքիա:

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ասուլիսի ժամանակ ասել է, որ լուրջ են վերաբերվում Անկարայի պահանջներին. - «Մեզ շատ զարմացրեց Թուրքիայի դիրքորոշումը, որովհետև ավելի վաղ դրական արձագանքներ էինք ստացել։ Բայց միջազգային քաղաքականությունում բոլոր պատճառները կան լուրջ ընդունելու գործընկերների ասածը, և մենք պատրաստվում ենք հենց այպես անել՝ լուրջ վերաբերվել Թուրքիայի առաջ քաշած պահանջներին»:

Ֆինլանդիայի նախագահը նաև ասել է, որ ներկայումս միակ առաջընթացը բանակցությունների ու քննարկումների շարունակությունն է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աջակցությամբ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG