Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկուն կհրավիրեն Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 6-ը հունիսի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 6-ը հունիսի, 2022թ.

EFE իսպանական միջազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կհրավիրեն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի և այլ հաստատությունների հետ ավարտում է գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքը:

Դաշինքը դեռ պետք է հավանություն տա որոշմանը: Ենթադրվում է, որ առաջիկայում Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտոնապես կհրապարակի Ուկրաինայի ղեկավարին հրավիրելու որոշումը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկա կլինեն մոտ 5 հազար մասնակիցներ՝ պատվիրակությունների անդամներ և լրագրողներ:

Մադրիդ կժամանեն ավելի քան չորս տասնյակ երկրների լիդերներ: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարներից զատ գագաթնաժողովին կմասնակցեն Ավստրալիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և այլ երկրների, ինչպես նաև միջազգային կառույցների պատվիրակները:

Մայիսի 28-ին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը և նրա կինը՝ Լետիսիան, Մադրիդի Արքայական պալատում ընթրիքի կհրավիրեն բարձրաստիճան հյուրերին: Հաջորդ օրվա ընթրիքը հյուրերի պատվին տեղի կունենա աշխարհահռչակ Պրադոյի թանգարանի համալիրում՝ վարչապետ Պեդրո Սանչեսի հրավերով:

Ենթադրվում է, որ մադրիդյան գագաթնաժողովի օրակարգում առանցքային հարցերից կլինի ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը, որի վերաբերյալ Թուրքիան դեռևս ունի որոշ առարկություններ:

XS
SM
MD
LG