Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարներ «մեծ հաճույքով» հետևում են Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորման գործում Անկարայի դերին և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ։
Չավուշօղլուի խոսքով՝ Բրազիլիայի, Ուրուգվայի, Էկվադորի, Կոլումբիայի, Պանամայի և Վենեսուելայի առաջնորդները «մեծ գոհունակությամբ» հետևում են, թե ինչպես է Թուրքիան միջնորդի դեր խաղում ռուս-ուկրաինական բանակցություններում։
«Մենք կցանկանայինք նույնպես մասնակից լինել և մեր ներդրումն ունենալ», - մեջբերում է նա Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, հավելելով, թե Անկարան կուսումնասիրի բրազիլական կողմի առաջարկը։
Թուրքիան և Բրազիլիան այն երկրների ցանկում են, որ չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, կամ մասամբ են միացել։
Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որ անհրաժեշտության դեպքում կկատարի իր բոլոր պարտականությունները որպես ՆԱՏՕ անդամ պետություն։ Օրինակ, երեկ Չավուշօղլուն ասել է, թե ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, սակայն դաշինքի անդամ երկրի վրա հարձակման դեպքում «համապատասխան արձագանք կտա»։
Միևնույն ժամանակ Մոսկվայի դեմ գործող բազմաթիվ պատժամիջոցներին Անկարան չի միանում, հակառակը՝ փորձում է զբաղեցնել ռուսական շուկայում երկրից հեռացած արևմտյան ընկերությունների տեղը մի շարք ոլորտներում։ Բացի այդ, Անկարան այսօր համարվում է Կիևի և Մոսկվայի միջև հիմնական միջնորդը։
Հիշեցնենք՝ Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, այդ թվում՝ արտգործնախարարների մակարդակով։
Ինչ վերաբերում է միջոնդի դերը ստանձնել ցանկացող Բրազիլիային, ապա այն հայտարարում է, թե ոչ միայն չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այլ նաև որ այդ պատժամիջոցներն օրինական չեն։
Երկրի նախագահը փետրվարի վերջին ասել էր, որ Բրազիլիան չեզոք դիրք է գրավել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հարցում և չի դատապարտի Մոսկվային դրա համար։
Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Ֆրանսան էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «անօրինական» և որոշ պետությունների շահերը ոտնահարող։
Ուկրաինա ներխուժումից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շտապ քվեարկություն անցկացրեց և դատապարտեց ռուսական ագրեսիան: Բանաձևին աջակցել էին ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 141-ը։ Ձեռնպահ երկրների շարքում էին անպիսի խոշոր պետություններ ինչպիսիք Չինաստանն է, Հնդկաստանը, Պակիստանը, Հարավային Աֆրիկան։
Նունիսկ արևմտյան վերլուծաբանները նշում են, թե Արևմուտքը չպետք է պատրանք ունենա, որ բացարձակապես ողջ աշխարհը պատրաստ է Ուկրաինայի աղետալի պատերազմի մեղքն ամբողջությամբ բարդել Ռուսաստանի վրա։
«Չինաստանը և Ռուսաստանը բնական հակառակորդներ են, հավանաբար, մի օր այդպես էլ կլինի, սակայն այսօր նրանք ունեն ընդհանուր հակառակորդ՝ ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները», - գրում է, օրինակ, BBC-ի հեղինակը՝ «Երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմին այլ տեսնակյունից են նայում, ինչո՞ւ» ծավալուն հոդվածում։
Հնդկաստանն ու Պակիստանը նույնպես իրենց շահերն ունեն և չեն ուզում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հնդկաստանն, օրինակ, ամենից շատ զենք ու սպառազինություն Ռուսաստանից է գնում։
Իրենց հետաքրքրություններն ունեն նաև Լատինական Ամերիկայի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունները։ Օրինակ՝ մահմեդական երկրներից շատերը ավանդաբար վատ հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ։