Մատչելիության հղումներ

Գերմանիան ընդունեց ծանր զինտեխնիկա Ուկրաինային տրամադրելու որոշում


Gepard տեսակի գերմանական արտադրության հակաօդային պաշտպանության հրասայլ, արխիվ
Gepard տեսակի գերմանական արտադրության հակաօդային պաշտպանության հրասայլ, արխիվ

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, քվեների մեծամասնությամբ ընդունեց որոշում Ուկրաինային ծանր զինատեսակներ տրամադրելու մասին:

Պատգամավորները նշել են, որ ռազմական օգնությունը պետք է շարունակվի և հնարավորինս հզորանա:

Վերլուծաբաններն այս քվեարկության արդյունքը «պատմական» են անվանում, քանի որ Գերմանիան տասնամյակներ շարունակ պնդել է, որ ռազմական գործողությունների գոտիներ զենքի փոխադրումը միայն սրում է հակամարտությունները:

Գերմանիան Ուկրաինային կփոխանցի Gepard տեսակի ինքնագնաց հակաօդային զենիթային հատուկ տանկեր: Քննարկվում է նաև Leopard 2 տեսակի հրասայլեր Կիևին տրամադրելու հնարավորությունը:

Բունդեսթագի որոշման դեմ են քվեարկել Ձախ կուսակցությունը և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որի համոզմամբ` զենքի տրամադրումը գրեթե հավասարազոր է Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն:

Կանցլեր Օլաֆ Շոլցը նախկինում ասել է, թե Ռուսաստանը կարող է Ուկրաինա ծանր տեխնիկայի փոխադրումը որակել որպես ՆԱՏՕ-ի ներքաշում այս պատերազմի մեջ:

Այսօր Շոլցը ներկա չի եղել Բունդեսթագի նիստին, քանի որ պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա: Ընդդիմությունը քննադատել է կանցլերին նման կարևոր խնդրի քննարկմանը չմասնակցելու համար:

XS
SM
MD
LG