Մատչելիության հղումներ

Ամերիկացիների ¾-ը պատերազմի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման համար մեղադրում է Ռուսաստանին. հարցում


Ամերիկացիների ¾-ը պատերազմի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման համար մեղադրում է Ռուսաստանին, ոմանք՝ լրատվամիջոցներին, սոցցանցների օգտատերերին, տեխնոլոգիական ընկերություններին, իսկ մի մասը՝ ամերիկացի օրենսդիրներին, Ուկրաինայի և ԱՄՆ-ի իշխանություններին։ Associated Press-ի Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նոր հարցումն է պարզել ամերիկյան հանրության վերաբերմունքը Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին տարածվող կեղծ լուրերին։

Ամերիկացիների 61 տոկոսը ռուս-ուկրաինական պատերազմի մասին ապատեղեկատվության տարածումը լուրջ խնդիր է համարում, մինչդեռ 7 տոկոսը չի կարծում, որ դա առհասարակ խնդիր է։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից` փետրվարի 24-ից ի վեր սոցցանցերում հայտնվել են մեծ թվով ապակողմնորոշող գրառումներ, կեղծ լուսանկարներ և տեսանյութեր, ավելացել են քարոզչական վերնագրերը առցանց հարթակներում: Վերջին շաբաթներին Ռուսաստանի պետական լրատվամիջոցները և արգելափակված սոցցանցերի հաշիվները այլ ճանապարհներ են գտել թվիթներ, հեռուստատեսային ռեպորտաժներ և կեղծ գրառումներ տարածելու համար, ներկայացվում են ռմբակոծված շենքերի և դիերի լուսանկարներ, որոնք բեմադրված են կամ կեղծ: Մեծ թվով օգտատերեր, ոչ միտումնավոր կիսվելով կամ հավանելով կեղծ հրապարակումներն ու լուսակարները, ակամայից դարձել են ապատեղեկատվության զոհ։

Պատերազմի մասին ռուսական պետական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը, սակայն, միլիոնավոր դիտումներ է ունենում սոցցանցերում։ Ապրիլի սկզբին, օրինակ, կրեմլյան ԶԼՄ-ները, Ֆեյսբուքի, Թվիթերի և տելեգրամյան ալիքներով փորձում էին հերքել ռուսական զինուժի կողմից Բուչա քաղաքում իրականացված սպանդի լուսանկարներն ու արբանյակային պատկերները՝ դրանք որակելով «կեղծ»:

«Ռուսաստանը լայն հասանելիություն ունի, նրանք տարբեր և բազմաթիվ լրատվամիջոցներ ունեն, որոնք գործի են դրվել ՝ պետական լրատվամիջոցներ, որոնք հեռարձակվում են ռուսերեն, անգլերեն և հատկապես իսպաներեն լեզուներով», - փաստում է Քլեմսոնի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Դարեն Լինվիլը:

Ըստ Associated Press-ի Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի նոր հարցման՝ ամերիկացիների մեծ մասը` մոտավորապես 57 տոկոսը, կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում։ Ամերիկացիների 6 տոկոսն այդ կարծիքին չէ, իսկ 36 տոկոսը կարծում է՝ բավարար տեղեկացված չէ այս մասին կարծիք հայտնելու համար։

Պատերազմի ընթացքում հավանական ռազմական հանցագործությունների ընդհանուր 178 դեպք է հաստատվել ապացույցներով` համաձայն Associated Press-ի և ամերիկյան PBS հեռուստաընկերության։ Ամերիկյան հանրության մոտ 50 տոկոսը ռուս-ուկրաինական հակամարտության մասին ապատեղեկատվություն տարածելու համար մեղադրում է լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերին, իսկ 10 ամերիկացիներից 6-ը կարծում են, որ կեղծ լուրերի տարածման համար մեծ պատասխանատվություն են կրում սոցցանցերի օգտատերերը։

58-ամյա թոշակառու Քելլի Քերոլը, որը բնակվում է Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի մոտակայքում, ասում է, որ հաճախ հիասթափվում է սոցցանցերի օգտատերերից, ովքեր ռուս-ուկրաինական պատերազմի մասին գրառումներ են կատարում և նյութեր տարածում՝ առանց նշելու իրենց տեղեկատվության աղբյուրը. «Այնպիսի նյութեր են հանդիպում, որոնք մարդիկ որպես փաստ են ներկայացնում։ Կարծես, նրանք այնտեղ են եղել»:

Քերոլը, որ հետևում է տեղական լուրերին, նաև ունկնդրում՝ պահպանողական ռադիոըկերություններից մեկի հաղորդումները, ասում է, որ պատերազմը սխալներով է լուսաբանվում։ Հավելում է, որ այս օրերին դժվար է պատերազմի մասին լուրեր գտնել, որոնք կարծիք չպարունակեն. «Ես չեմ ցանկանում կարծիքներ լսել, ես միայն փաստեր եմ ուզում», - նկատում է նա:

Հարցված ամերիկացիների կեսը պատերազմի մասին ապատեղեկատվություն տարածելու համար մեղադրում է նաև Չինաստանին, որը առ այսօր չի դատապարտել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները։

Ապատեղեկատվություն բացահայտող NewsGuard կազմակերպության զեկուցն արձանագրում է՝ Չինաստանի պետական լրատվամիջոցները առնվազն 74 անգլալեզու գրառում են կատարել Ֆեյսբուքում՝ հղում անելով այն դավադրության տեսությանը, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում կենսաբանական պատերազմի գաղտնի լաբորատորիաներ ունի, որոնք միտումնավոր մահացու վիրուսներ են ստեղծում և տարածում։

«Կեղծ լուրերի մեծ մասը միանշանակ ուղղված է Միացյալ Նահանգների դեմ։ Նրանք տարածում են նույն ապատեղեկատվությունը, ինչ Ռուսաստանը», - հաղորդում է NewsGuard-ի վերլուծաբան Ջեք Բրյուսթերը:

Որոշ ամերիկացիներ կարծում են, որ քաղաքական գործիչներն են պատասխանատու Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար՝ 44 տոկոսն, օրինակ, մեղադրում է ԱՄՆ-ի օրենսդիրներին, իսկ 32 տոկոսը՝ ԱՄՆ կառավարությանը:

XS
SM
MD
LG