Ապրիլի 29-ին՝ Ուկրաինայի պատերազմի 65-րդ օրը, Մոսկվայում վերլուծում են Միացյալ Նահանգներից ստացած երկու տհաճ լուր. նախագահ Ջո Բայդենը 33 միլիարդ դոլար է խնդրել Կոնգրեսից՝ Ուկրաինային սատարելու համար:
Այս աստղաբաշխական գումարից 20 միլիարդը կուղղվի Ուկրաինայի զինված ուժերին զենք, զինամթերք, հանդերձանք և տեխնիկա փոխանցելու համար: 8.5 միլիարդը կտրամադրվի Ուկրաինայի կառավարությանը պատերազմից առաջացած տնտեսական բացերը փակելու նպատակով, և 3 միլիարդ կհատկացվի մարդասիրական օգնություն, պարեն և առաջին անհրաժեշտության այլ իրեր Ուկրաինա ուղարկելու համար:
«Մենք չենք հարձակվել Ռուսաստանի վրա, մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիայից: Ինչպես Պուտինը որոշել է սկսել այս դաժան գրոհը, այդպես էլ նա կարող է որոշել դադարեցնել արյունալի ներխուժւմը: Ռուսաստանն է ագրեսոր, առանց ինչ-որ «բայցի», «սակայնի» կամ «այնուամենայնիվի», Ռուսաստանը ագրեսոր է»,- ասել է Բայդենը:
Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները պետք է օգնի Ուկրաինային: Այս պատերազմի գինն, ըստ Բայդենի, էժան չէ, բայց պատերազմն անտեսելու վերջնական գինը շատ ավելի թանկ կլինի:
Մոսկվան պատրաստվում է մայիսի 9-ի Հաղթանակի օրվա ամենամյա զորահանդեսին: Այս տարվա հանդեսը տեղի կունենա ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում:
Վերլուծաբանների համոզմամբ, Պուտինին անհրաժեշտ է մինչև մայիսի 9-ն ապահովել ռազմական որևէ նվաճում, գրավված քաղաք, Ուկրաինայի իշխանությունների տապալում, ինչ-որ բան, որով կարելի կլինի արդարացնել փետրվարի 24-ին նախաձեռնած պատերազմն ու ասել, որ հազարավոր երիտասարդ զինվորներ զուր չեն զոհել իրենց կյանքն Ուկրաինայի ռազմաճակատում:
Բայց բավական ծանր է ընթանում պատերազմը: Ուկրաինան նորանոր զինատեսակներ է ստանում և հանձնվելու մտադրություն չունի:
Հույսը, թե ռուս ազատարարներին Կիևի փողոցներում աղուհացով ու ծաղիկներով կդիմավորեն՝ հօդս է ցնդել: Ուկրաինացիները դիմադրում են, և առաջիկայում դիմադրությունը պետք է ավելի հզորանա:
Մոսկվայի համար երկրորդ տհաճ լուրն այն է, որ երեկ Ներկայացուցիչների տունն ընդունել է «լենդ-լիզի» օրենքը, որով Ամերիկան օգնելու է Ուկրաինային:
Ընդ որում այստեղ կա շատ ազդեցիկ և ողբերգական սիմվոլ: Հենց հայտնի «լենդ-լիզի» օրենքով է Միացյալ Նահանգները Երկրորդ աշխարհամարտի տարիներին զենք, զինամթերք, տանկեր, օդանավեր ու պարեն տրամադրել ֆաշիստների դեմ կռվող սովետական բանակին:
Տարեցները գուցե կհիշեն «վիլիս» անունով մեքենաներ, կաթի փոշին կամ մսի պահածոները: Դրանք ամերիկյան օգնությամբ էին ստացվել:
«Lend-Lease»՝ թարգմանաբար «պարտքով տալ, վարձով տալ»: Օգնությունը տրվում է կարիք ունեցող երկրին ինչ-որ ապագայում ապրանքը կամ դրա գնի մի մասը հետ ստանալու պայմանով:
Երեկ Ներկայացուցիչների տունն ընդունել է Ուկրաինայի դեմոկրատիայի պաշտպանության լենդ-լիզի 2022 թվականի օրենք:
«Ուկրաինայում պատերազմ է, և նշանակություն ունի յուրաքանչյուր րոպեն, հզոր գործողությունը թույլ կտա կյանքեր փրկել և նվազեցնել զոհերի թիվը, ամեն մի ճակատամարտում հզոր գործողությունը մոտեցնում է հաղթանակը և հեռացնում է պարտությունը»,- ասել է Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին:
Այս օրենքով կպարզեցվի Ուկրաինային ամերիկյան զինատեսակների փոխանցման ընթացակարգը:
Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները «լենդ-լիզի» օրենքով մինչև 2023 թվականը զենք կտրամադրեն Ուկրաինային և եվրոպական մյուս երկրներին:
Ռուսաստանում արդեն զայրույթով են արձագանքել օրենքին: Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, թե «լենդ-լիզով զենք ստանալու դեպքում Ուկրաինայի կախվածությունը Միացյալ Նահանգներից էլ ավելի ծանր կլինի:
«Զելենսկին իր ժողովրդին պարտքերի տակ է գցում»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը: