Փաշինյանի իշխանությունը հեռացնելու նպատակով երեկվանից Ազատության հրապարակում նստացույց են անում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու թիմակիցները՝ մինչ այս պահը, սակայն, չհստակեցնելով, թե այդ նպատակին հասնելու համար ինչ ծրագիր ունեն։
Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ասաց՝ այս փուլում փորձում են քաղաքացիների հետ երկխոսության մեջ մտնել. «Նպատակը հստակ է, որ մարդիկ մեծ քանակներով` իրենց ընտանիքով, իրենց ընկերներով գան, հավաքվեն այստեղ՝ իրավիճակին տեր կանգնելու համար: Որևէ քաղաքական ուժ, որևէ անհատ միայնակ չի կարողանալու լուծել մեր պետության առջև շատ լուրջ ծառացած խնդիրները։ Եվ ամուր պետություն ունենալու նպատակին այս իշխանություններն ուղղակի խոչընդոտ են ճանապարհին, այդ խոչընդոտները պետք է վերացվեն, այս իշխանությունները պետք է հեռանան իշխանության ղեկից»։
Փաշինյանի իշխանության առաջին տարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վանեցյանը երեկ սկսեց նստացույցը, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «կանխի վարչապետի ծրագիրը»։ Նստացույցը հաջորդում է անցած շաբաթ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ հայկական կողմը մի փոքր իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը:
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է թողնել Արցախը, և սկսել են արդեն խոսել, քարոզել այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի, եթե մենք չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է», - ավելի վաղ ասել էր Վանեցյանը։
Իսկ ի՞նչ օրակարգ է բերում ընդդիմությունն ու ի՞նչ առաջարկներ ունի, հարցնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. «Ես, ճիշտն ասած, չխորանալով այն ամենի մեջ, որ Արթուր Վանեցյանի ու մյուս ընդդիմադիրների ներկայացրածը փաստացի իր մեջ պարունակում է շատ հստակ մանիպուլյացիոն տարրե, պիտի ասեմ, որ իսկ այդ դեպքում ի՞նչ են առաջարկում իրենք», - հարցնում է նա:
Սա բազմակենտրոն համախմբում է լինելու. Աղվան Վարդանյան
Ազգային ժողովի ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից թե՛ երեկ, թե՛ այսօր պատգամավորներ էին այցելում Ազատության հրապարակ։ Պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց՝ սա բազմակենտրոն համախմբում է լինելու, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն իր նախաձեռնություններով է հանդես գալու, ողջունեց առաջին քայլն անող Վանեցյանին։
«Սա ընդամենը սկիզբն է, յուրաքանչյուր օր Դուք ականատես կլինեք նման ակցիաների, գործողությունների հանրապետության մասշտաբով, որոնք, վստահ եմ, համակարգված են լինելու, որոնք ի վերջո մեկտեղվելու են, դառնալու են հզոր շարժում», - հավաստիացրեց Վարդանյանը։
Գործող իշխանություններին հեռացնելու ծրագիր ունի նաև «Հայաստան» խմբակցությունը, բայց թե մասնավորապես ինչ քայլեր են նախատեսում, Աղվան Վարդանյանը չմանրամասնեց, ասաց՝ շուտով հանդես կգան հայտարարությամբ։
«Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը ևս հրաժարվեց իրենց հետագա գործողությունների մասին խոսել` խոստանալով այսօր երեկոյան մամուլի ասուլիսում պատասխանել լրագրողների հարցերին: