Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե «իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործողությունները հակասում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»:
Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այդ մեկնաբանությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ մի խումբ հայ պատգամավորների մուտքն արգելելու հանգամանքին, ասելով, թե «նշված այցը նախապես համաձայնեցված չէր ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ»:
«Խաղաղապահները գործում են խստորեն համապատասխան եռակողմ հայտարարություններին: Տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ ակնկալում ենք, որ թե՛ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում և թե՛ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում երկու կողմերը ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:
Ապրիլի 12-ին ռուս խաղաղապահները Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների խմբին արգելել են մուտք գործել Ղարաբաղ: Հայաստանի արտաքին գերատեսչությունը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ:
Մինչդեռ, ընդդիմությունը հայտարարել է, թե դա պատահականություն չէր և պնդել է, որ «Հայաստանի այսօրվա իշխանությունները ստվերային համաձայնություն ունեն Ադրբեջանի հետ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու շուրջ»: