Մատչելիության հղումներ

Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը որպես Մինսկի խմբի համանախագահ


Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը՝ ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի Արտգործնախարարությունը ի պատասխան Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշման մասին հարցի։

Որպես այդպիսին՝ Ֆրանսիան «շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու համար, և շարունակում է աջակցել սահմանազատմանը, տարածաշրջանի մեկուսացմանը վերջ դնելուն, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված աշխատանքներին», - ասված է հաղորդագրությունում։ «Այդ նպատակով ս.թ. փետրվարի 4-ին հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ», - հիշեցնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ տվյալ պահին աշխատանքային այցով Երևանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը։

Անցած շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Լավրովի խոսքով՝ Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։

Հայաստանի արտգործնախարարը, մինչդեռ, մոսկովյան ասուլիսում պնդել էր, թե չնայած դժվարին աշխարհքաղաքական իրադրությանը՝ եռանախագահության ձևաչափը վերջնականապես իր ուժը չի կորցրել։ Միրզոյանը նաև կրկնել եր Երևանի դիրքորոշումը, թե համանախագահությունը պետք է աջակցի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին։

Շաբաթներ առաջ Երևանն այս հարցով դիմել էր միջնորդներին, երեք երկրներից որևէ մեկը, սակայն, դեռևս այդ հարցին պաշտոնապես չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG