Մատչելիության հղումներ

Մոսկվան ողջունում է խաղաղ պայմանագրի հարցով «Երևանի և Բաքվի պատրաստակամությունը», պատրաստ է օժանդակել


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Պաշտոնական Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսել խաղաղ պայմանագրի նախապատրաստումը, և պատրաստ է օժանդակել բանակցային գործընթացին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստումը սկսելու՝ Բաքվի և Երևանի պատրաստակամությունը և վերահաստատում ենք բանակցային գործընթացին ըստ ամենայնի օժանդակելու մեր տրամադրվածությունը», - РИА “Новости” լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ առայժմ վաղ է խոսել խաղաղ պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։

Հայաստանի արտգործնախարարությունն անցած շաբաթ հայտարարեց, որ պաշտոնական Երևանը առաջիկայում թերևս կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնեց, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել Հայաստանին ու սպասում է պատասխանի։ Այս շաբաթվա սկզբին էլ Երևանը հայտարարեց, որ պատասխանել է Բաքվի առաջարկներին ու պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանը։

Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիան Երևանում իր դեսպանի միջոցով արդեն իսկ պատրաստակամություն էր հայտնել արձագանքելու Հայաստանի դիմումին, մյուս երկու համանախագահող երկրներն են Ռուսաստանը և ԱՄՆ-ը։

XS
SM
MD
LG