Մատչելիության հղումներ

Ռոքֆոյը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման հարցում


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:

Այսօր ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Մարտի վերջին Հայաստանում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Միրզոյանը նրա հետ քննարկել էր Փառուխի հատվածում ստեղծված իրավիճակը, ներկայացրել նաև հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ, վերահաստատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։

Բանակցությունների վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին Մինսկի խմբից դեռևս արձագանք չի եղել:

Ապրիլի 8-ին Միրզոյանը Մոսկվայում էր։ Հայաստանցի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։ Սերգեյ Լավրովը պնդեց, թե Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։ Հայաստանի արտգործնախարարը, մինչդեռ, չկիսեց Լավրովի գնահատականն ու պնդեց, թե միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով։

Բաքուն պատերազմից հետո պարբերաբար պնդում է, թե ղարաբաղյան հարցը լուծված է, իսկ նախագահ Ալիևն էլ մի քանի անգամ թոշակի է ուղարկել համանախագահներին։

XS
SM
MD
LG