Մատչելիության հղումներ

Փորձագետները կարծում են՝ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը կարելի է գոնե այս պահին ավարտված համարել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ

Հայաստանյան փորձագետները կարծում են, որ ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գործնականում կարելի է գոնե այս պահին ավարտված համարել։

Երեկ իր հայաստանցի գործընկերոջ հետ ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարն էր պնդել, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ընդգծում է՝ այս իրավիճակը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր կանխատեսելի էր, դժվար է պատկերացնել, թե ինչպես են Միացյալ նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը համագործակցելու Մինսկի խմբի ձևաչափում։

«Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի ձևաչափին ժամանակի ընթացքում փոխարինելու է գալու կամ արդեն փոխարինման են գալիս 2 մրցակցող ձևաչափեր կամ միջնորդական առաքելություններ, առաջինը դա, իհարկե, Եվրամիությունն է, որը տեսնում ենք, որ վերջին շաբաթների կամ ամիսների ընթացքում բավականին ակտիվ է հայ-ադրբեջանական համատեքստում, երկրորդը՝ ռուսական միջնորդական առաքելությունը: Այդ մրցակցությունը երևում էր նույնիսկ Միրզոյան-Լավրով մամուլի ասուլիս ընթացքում, երբ Լավրովը անընդհատ շեշտում էր, որ այս կամ այն արդյունքները իրականում ձեռք էին բերվել ոչ թե Եվրամիության միջնորդությամբ, այլ Ռուսաստանի միջնորդությամբ», - նշեց Գրիգորյանը:

Հայաստանի արտգործնախարարը, մինչդեռ, չկիսեց ռուս գործընկերոջ հոռետեսական գնահատականն ու պնդեց, թե չնայած դժվարին աշխարհաքաղաքական իրադրությանը՝ եռանախագահության ձևաչափը վերջնականապես իր ուժը չի կորցրել և որ միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով։

Փորձագետները, սակայն, չեն կարծում, թե պաշտոնական Երևանը լավատեսության համար իրական հիմքեր ունի։ Հերթական անգամ ցանկալին փորձ է արվում ներկայացնել որպես իրականություն, ասում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

«Ռուսաստանը պարզ ասում է, Հայաստանին հասկացնում է, որ պետք չէ հույս կապել այլ հարթակների հետ, Արևմուտքի հետ, դա չկա, այդ կառույցը սառեցված է, արդեն պետք է այլ ֆորմատով՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան այլ ֆորմատով փորձեն կարգավորեն իրավիճակը: Բայց չեմ կարծում, որ ֆորմատի փոփոխությունը բովանդակային փոփոխության է հանգեցնելու: Այնպես որ, իհարկե, լավ կլիներ, որ բանակցությունները ընթանային ԵԱՀԿ հովանու ներքո, լավ կլիներ, եթե ռուս խաղաղապահները միջազգային մանդատ ունենային, բայց քաղաքականության մեջ այդ ցանկությունները պետք է մի կողմ դնել և հաշվի նստել առկա իրողությունների հետ», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Թե՛ Բաղդասարյանը, թե՛ Գրիգորյանն ընդգծում են՝ Մինսկի խմբի ձևաչափի բացակայությունը Հայաստանի շահերից չի բխում։

«Այս գործընթացը Հայաստանի շահերից չի բխում, Մինսկի խմբի ձևաչափը ոչ միայն ձևաչափ է, այլև սկզբունքների ամբողջականություն է, որը ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում, և նույն Մադրիդյան սկզբունքները փոխկապակցված են Մինսկի խմբի ձևաչափի հետ: Մինսկի խմբի բացակայության պարագայում դժվար է լինելու, օրինակ, հայկական կողմի համար շեշտադրումներ անել Մադրիդյան սկզբունքների վրա, որպես բանակցային հիմք, իսկ Մադրիդյան սկզբունքները այս փուլում մեր շահերից էր բխում, որպեսզի շարունակվեին բանակցությունները հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա», -ընդգծեց Տիգրան Գրիգորյանը։

«Ամեն դեպքում ավելի վատ կլինի, որովհետև ցանկացած լուծում երաշխավորված չի լինի միջազգային օրենքներով և երաշխավորը կլինի, ոչ թե միջազգային հանրությունը, ոչ թե միջազգային կառույցները, օրինակ, ՄԱԿ-ը, այլ որևէ լուծման իրականացում, եթե այդպիսին լինի, փաստացի կախված կլինի Ռուսաստանի կամքից, որովհետև փաստորեն միակ երաշխավորը կդառնա Ռուսաստանը», - ընդգծեց Արմեն Բաղդասարյանը:


Արարատ Միրզոյանը երեկ Մոսկվայում վերստին կրկնեց Հայաստանի դիրքորոշումը, թե համանախագահությունը պետք է աջակցի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին։ Պաշտոնական Երևանը շաբաթներ առաջ էր դիմել Մինսկի խմբին այդ խնդրանքով, սակայն համանախագահությունից այդպես էլ հրապարակային պաշտոնական պատասխան մինչ այս պահը չի հնչել։

Բաքուն պատերազմից հետո պարբերաբար պնդում է, թե ղարաբաղյան հարցը լուծված է, իսկ նախագահ Ալիևը իր հրապարակային հայտարարություններում մի քանի անգամ թոշակի է ուղարկել համանախագահներին։

Հետպատերազմական մեկուկես տարում տարածաշրջան այցելել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին համանախագահներ, բայց ոչ ողջ պատվիրակությունը։ Վերջին անգամ, օրինակ, ռուս համանախագահն էր ժամանել Հայաստան, նրան Երևանում ընդունել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ռուս համանախագահը չէր հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին։

XS
SM
MD
LG