ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի գոյություն չունի 44-օրյա պատերազմից հետո, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ նկատելով՝ ընդամենը հույս կար վերակենդանացնել այդ գործընթացը, հիմա հասկանալի դարձավ, որ գործընթացը տեսանելի ապագայում չի վերականգնվելու։
Լավրովը, Բաղդասարյանի կարծիքով, ազդակ էր հղում, որ իրական լծակները Ռուսաստանի ձեռքին են։
«Ուղղակի ազդակ էր հղում՝ հույսներդ կտրեք այլ հարթակներից, հույսներդ կտրեք Արևմուտքից, Արևմուտքը ձեր շահերը չի պաշտպանելու, ձեր շահերին դեմ է գնալու։ Ճիշտ է ասում։ Ինքը պարզապես մոռացավ ասել, որ Ռուսաստանն էլ է, անհրաժեշտության դեպքում, իր շահերով առաջնորդվելու, ոչ թե Հայաստանի», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ նկատեց՝ ռուս խաղաղապահներն Արցախում են, ոչ թե Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման նպատակից ելնելով, այլ՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու համար, և ըստ նրա, հիմանկանում Ադրբեջանի դեմ մի կողմից ճնշման, մյուս կողմից սիրաշահման գործիք աշխատելու համար։
«Բայց, եթե խաղաղարար կոնտինգենտը դուրս է գալիս,մենք կանգնում ենք փաստի առաջ։ Այդտեղ արդեն կա երկու տարբերակ, մեկը լավ, մյուսը վատ։ Լավ տարբերակն այն է, որ մենք Արևմուտքից ստանում ենք Արցախի հայկական բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխիքներ։ Այսինքն՝ որևէ մանդատով որևէ կոնտինգենտ, որը հնարավորություն կունենա ապահովելու արցախահայության ֆիզիկական անվտանգությունը։ Սրա իրատեսության մակարդակն այս պահի դրությամբ իմ համար բավականին ցածր է, բավականին քիչ է։ Վատ տարբերակը՝ Հայաստանն ունի որոշակի պատասխանատվություն արցախահայության ֆիզիկական անվտանգության տեսանկյունից, միևնույն ժամանակ չունի հնարավորություն Արցախում արցախահայերի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու, և այս պարագայում, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ պետությունը պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարի, ես կարծում եմ, որ այսօրվանից մենք պետք է գոնե սկսենք մշակել սցենար Արցախի բնակչության էվակուացիայի», - ասաց քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․