Մատչելիության հղումներ

Առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 142 հազարից ավելի ռուսաստանցի. Միգրացիոն ծառայության պետ


Առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան է ժամանել 142 հազարից ավելի ռուսաստանցի, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նա ներկայացրեց նաև, թե Ուկրաինայից եկած քաղաքացիներից քանիսն են դիմել ապաստան ստանալու:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Արմեն Ղազարյան. - Առաջին եռամսյակի ընթացքում Ռուսաստանի անձնագրերով Հայաստանի Հանրապետության սահմանահատումներ տեղի են ունեցել 142 հազարից ավելի` մուտքը, 130 հազարից ավելի ելք է եղել, և տարբերությունը շուրջ 4 հազար է: Բայց ոչ մի պարագայում չենք կարող ասել, որ ընդամենը ժամանել է 4 հազար ՌԴ քաղաքացի… մնացել է, այո, չենք կարող այդպես ասել: Դա ընդամենը սահմանատումների տարբերությունն է, այն էլ մեկ եռամսյակի կտրվածքով, որն ընդհանուր առմամբ ուղղակի կարող է դինամիկայի մասին որոշակի պատկերացում տալ:

Այստեղ մի էական հանգամանք կա: Որպեսզի փորձենք հասկանալ ընդհանուր պատկերը, պետք է փորձենք համեմատել միևնույն ժամանակահատվածի հետ անցած տարվա, և անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ մուտքերի քանակն ավելի է 3.3 անգամ: Անցած տարվա առաջին եռամսյակում ՌԴ անձնագրերով Հայաստան մուտք էր գործել շուրջ 43 հազար անձ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում 142 հազար մուտք ենք արձանագրել: Տարբերությունը բավականին էական է: Կրկին չենք կարող ասել, որ մնացել է 4 հազար կամ 10 հազար, բայց միգրացիոն շարժի դինամիկան ակնհայտ է:

«Ազատություն». - Այդ դեպքում, պարո՛ն Ղազարյան, ինչպե՞ս իմանանք` մնացե՞լ են, թե՞ ոչ, այնուամենայնիվ, այդ հաշվեկշիռը եկողների, գնացողների տարբերությունը չի արտացոլում այդ պատկերը:

Արմեն Ղազարյան. - Սահմանահատումների տարբերությունը բավական լավ ցուցանիշ է տարեկան կտրվածքով և այսպես ասած` երկար ժամանակային շարքերի մեջ, երբ ավելի լայն պատկեր է ցույց տալիս:

«Ազատություն». - Իսկ ունե՞ք վիճակագրություն, թե այդ 130 հազարից ավելի ռուսաստանցիները Հայաստանից ուր են գնացել, այսինքն` դա եղե՞լ է որպես տարանցիկ այց, թե՞ խուճապային տրամադրություններն ավարտվել են, հայրենիք են վերադարձել:

Արմեն Ղազարյան. - Որոշակի դինամիկա նկատել ենք, որ ուղղված է եղել նաև դեպի Վրաստան: Չնայած երբ ավելի կարճ ժամանակային շարքերի մեջ ենք նայում, նկատելի է նաև եղել վերադարձ Վրաստանից, այսինքն` անցում Բագրատաշենի սահմանով, ապա վերադարձ նաև Հայաստան: Որոշակի դինամիկ շարժեր առաջին այդ օրերին և նկատվում էին որոշակի չկազմակերպվածություն, հետագայում դա ավելի կազմակերպված բնույթ ստացավ, և դա կարող ենք արձանագրել նաև իրավաբանական անձանց հիմնումով. հիմնվել են մարտ ամսվա ընթացքում շուրջ 1300 իրավաբանական անձինք` լինեն և անհատ ձեռներեցներ, և սահմանափակ պատասխանատվության ընկերություններ: Դա արդեն առավել ռեալ պրոցես է ցույց տալիս, որովհետև միգրացիոն այս շարժերը կարող են լինել դինամիկ և շատ արագ փոփոխվել, բայց երբ արդեն հիմնվում է որոշակի իրավաբանական անձ, բիզնես և այլն, դա որոշակիորեն կապվածությունն ավելի է մեծացնում:

«Ազատություն». - Այնուամենայնիվ, եթե 140 հազարից 4 հազարն են մնացել, նշանակում է` նրանք ինչ-որ բան չեն գտել Հայաստանում:

Արմեն Ղազարյան. - Շեշտադրում անեմ` չի նշանակում, որ 140 հազարից 4 հազարն են մնացել: Ես սա ցանկանում էի ընդգծել, որ հանկարծ այդպիսի տպավորություն չստեղծվի, դա զուտ սահմանահատումների մնացորդի թիվն է, ճիշտ պատկերը կարող ենք ունենալ միայն տարվա ավարտին:

«Ազատություն». - Նրանք քաղաքական ապաստան խնդրո՞ւմ են այստեղ:

Արմեն Ղազարյան. - Մենք չենք ունեցել քաղաքական ապաստանի որևէ գործ:

«Ազատություն». - Վերադառնալով այդ հարցին` ինչո՞ւ չեն մնում մեծ թվով մարդիկ Հայաստանում, թեկուզ ընդհանուր ֆոնին մեծ է բավական տարբերությունը:

Արմեն Ղազարյան. - Ես, ճիշտն ասած, այդպիսի դատողություն չէի անի, թե մեծ թվով մարդիկ չեն մնում Հայաստանում, ընդհակառակը` ես դատողություն կանեի, որ մեծ թվով մարդիկ մնում են Հայաստանում, որովհետև մենք այս տեսակ շարժեր օտարերկրացիների մասով երկար ժամանակ է` չենք ունեցել:

Ուկրաինայի պարագայում ևս մենք նկատում ենք որոշակի ակտիվություն միգրացիոն հոսքերի: Այսօրվա դրությամբ ունենք Ուկրաինայի քաղաքացիների շուրջ 80 ապաստանի հայցեր: Նրանց կեսից ավելին ազգությամբ հայեր են: Ուկրաինայի մասով ևս այս տարվա առաջին եռամսյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերի քանակն ավելացել է կրկնակից ավելի: Անցած տարի մենք ունեցել ենք մուտքեր շուրջ 2500, այս տարի արդեն շուրջ 6 հազար: Տարբերությունն ընդհանուր առմամբ 400-ի կարգի է, բայց կրկին չենք կարող ասել, որ ընդամենը 400-ն են մնացել Հայաստանում:

XS
SM
MD
LG