Մոսկվայի մերձակայքից՝ Գյումրի․ Յուլիա Ստեպանովայի ընտանիքը այս ճանապարհը որոշեց անցնել Ուկրաինայի դեմ պատերազմն սկսվելուց հետո։
Արդեն երկու շաբաթից ավելի է երիտասարդ զույգը փորձում է Գյումրվա բարբառին սովորել . - «Մենք որոշեցինք գալ այստեղ, որովհետև Ռուսաստանում սահմանափակվել է կապն արտաքին աշխարհի հետ, և վիճակը գնալով ավելի է սրվում, իսկ մենք ուզում ենք կապի մեջ մնալ, ուզում ենք աշխատել աշխարհի տարբեր երկրների մարդկանց հետ, ուզում ենք շարունակել շփումները՝ առանց սահմանափակումների»:
Ցերեկային ժամերին Յուլյան իր ծրագրի վրա է աշխատում, երեկոյան՝ նվագում է իր հեղինակած երաժշտությունը Գյումրիի փաբերից մեկում: Անցած երկու շաբաթում հասցրել է նույնիսկ համերգ տալ. - «Այստեղ հանդիսատեսը բավականին ազատ է, ընդունում են ամեն նորություն, որ կառաջարկես: Ինձ ընդունեցին շատ լավ, կարծում եմ»:
Յուլյան դեռ տանը՝ Ռուսաստանում սկսել էր մի ծրագրի վրա աշխատել, որով ստեղծելու է ինտերակտիվ սեղան՝ երաժշտության և պատկերի համադրմամբ: Հիմա ստիպված է այն այստեղ ավարտին հասցնել, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով համակարգչային մի շարք ծրագրեր Ռուսաստանում այլևս հասանելի չեն. - «Օրինակ այն ծրագիրը, որով ես գրում եմ երաժշտություն, դրա արտոնագիրը դեռ չեն չեղարկել, բայց այլևս չես կարող հավելվածներ գնել՝ հնարավորությունների ընդլայնման համար: Դա ամենաահավորը չէ, որ կարող է պատահել այս պայմաններում, բայց այն ազդում է մասնագիտական կյանքի վրա»:
Մերձմոսկվայում թողել է հարազատներին ու ընկերներին: Փոխարենը այստեղ է նոր ընկերներ է գտել՝ իրենց պես Ռուսաստանի տարբեր քաղաքներից հեռացած ու առայժմ Հայաստանում ապաստանած: Բոլորիս, ասում է, մեկ բան է միավորում՝ չենք հաշտվում իրականության հետ. - «Բոլորը շոկի մեջ են, չգիտեն ինչ անեն»:
Ռուսաստան վերադառնալ առայժմ չի պատրաստվում: Դրա համար նախադրյալներ չկան, ասում է Յուլյան ու հավելում՝ հիմա իշխանությունները մարդկանց անգամ խոսքի ազատության վերջին փշուրներից են զրկում. - «Չի կարելի իրերն իրենց անուններով կոչել, չի կարելի արտահայտվել սոցիալական ցանցերում, ոչ կարգախոսների, ոչ պիկետնի ձևով: Հիմա ավելի է խստացվում շփվելու, ուրիների հետ քո կարծիքը կիսելու հնարավորությունը: Այդպիսի պայմաններում չենք ուզում ապրել։ Ո'չ, այդպիսի պայմաններում գոյատևել ես համաձայն չեմ»:
Ռուսաստանում մնացած ընկերների ու հարազատների հետ կապի մեջ է: Բոլորը չէ, որ ուզում են կամ հնարավորություն ունեն հեռանալու, ասում է Յուլյան. - «Ինձ դժվար է խոսել այն մարդկանց մասին, ովքեր մնացել են այնտեղ, որովհետև ոչ բոլորն ունեն հնարավորություն գնալու, ու ոչ բոլորն են ցանկանում հեռանալ: Շատերը սպասում են իրավիճակի հանդարտեցմանը, շատերը չեն կարող հեռանալ անձնական պատճառներով՝ տուն, հարազատներ և այլն: Բայց այն, որ իրավիճակը ծանր է և' տնտեսական, և' քաղաքական առումով ու վատթարանում է՝ ազդելով բոլորի կյանքի վրա, ցավոք, փաստ է»:
Թեև հետևել է իրադարձություններին ու տեղյակ էր, որ Ռուսաստանը հարյուր հազարից ավելի զինվոր է կուտակել Ուկարինայի հետ սահմանին, սակայն պատերազմի չէր սպասում։ Բախում՝ գուցե, բայց ոչ ռազմական գործողություններ։
Արդեն մեկ ամսից ավելի շարունակվող պատերազմից հետո դժվարանում է այլևս կանխատեսումներ անել. - «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է պլաններ կազմել, երբ իրականում ինչ կար կյանքումդ մինչև այս, գործնականում փոխվեց մեկ օրում: Դեռ մեկ ամիս առաջ ես չէի պատկերացնի, որ կհայտնվեմ այստեղ, հանգիստ քնած էի տանս։ Դրա համար դժվար է կանխատեսել ինչ որ բան: Այո, ես կարող եմ ցավակցություն հայտնել և կարեկցել այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել... ես չգիտեմ ինչպես ճիշտ բառեր գտնեմ, որ ոչ մեկին չնեղացնեմ։ Դա մեծ դժբախտություն է: Ես կարծում եմ, որ հասարակ մարդիկ, որոնք հետևում են այս ամենին դժվար թե աջակցեն»: