Մատչելիության հղումներ

Ռուբլու արժեզրկումը, ըստ մասնագետների, հանգեցնելու է հայկական գինեգործական ընկերությունների եկամուտների կրճատմանը


Արարատի մարզի Ոսկետափ գյուղից Սարգիս Աղաջանյանն անհանգիստ է՝ գուցե իր այգու խաղողը չկարողանա մթերել, կամ էլ գործարանները շատ էժան գին սահմանեն։ Խաղողագործը արդեն լսել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հայկական գինու և կոնյակի արտահանումը հնարավոր է նվազի, ու եզրակացրել՝ ինքն ու մյուս խաղողագործներն ավելի քիչ եկամուտ կունենան։

«Ացնած տարի 400 հազարի հանձնել ենք։ Դրա ձախսերը մի հատ հանի՝ ջուր ա, տրակտորն ա, հավաքում ենք տանում-հանձնում ենք... Ավելի քիչ ա ըլնելու, պարզ ա։ Էնքան որ, աշխատում ենք, որ մեր այգին չփչանա

Հայաստանից Ռուսաստան և Ուկրաինա արտահանվող ապրանքների ցանկում զգալի մաս են կազմում հենց ալկոհոլային խմիչքները։ Արտահանվում է Հայաստանում արտահանված խմիչքների մոտ 80 տոկոսը, ընդ որում ամենամեծ շուկան արևմտյան խիստ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն է։

Մասնագետների կարծիքով, պատերազմի հետևանքով արտահանումը բարդանալու է, իսկ ռուսական ռուբլու արժեզրկումը հանգեցնելու է հայկական գինեգործական ընկերությունների եկամուտների կրճատմանը։

Ոսկետափում սպիտակ գինու համար խաղող մշակող Սարգիս Աղաջանյանն ընդգծում է՝ նախորդ տարիներին մթերման գինը ևս ցածր էր, բայց ստիպված վաճառել է, իսկ այս տարի, ասում է, ավելի բարդ է լինելու։ - «Տեղ չունեմ, ստիպված դատարկում ես, ինչ գին ասում են, տալիս ես»։

72-ամյա Գառնիկ Գրիգորյանը Ավշարում ընկերոջ այգին էր մշակում։ Նա գիտի, որ իրենց հեշտ տարի չի սպասվում, սակայն ստեղծված իրավիճակի համար ոչ մեկին չի մեղադրում. - «Հաշվի առնելով, որ բյուջեն պակսել ա, պատերազմ... էտի շատ դժվար բան ա, երկրի մասշտաբով էտի շատ դժվարություններ ա»։

Թե ինչպես են ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքներին զուգահեռ աշխատելու հայկական գինեգործական ընկերությունները, փորձեցինք պարզել գինի արտադրող և արտահանող խոշոր ընկերություններից մեկից՝ «Արմենիա Վայն»-ից։ Ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը վստահեցրեց՝ խաղողի մթերման ծավալների կրճատում ընկերությունն այս պահին չի նախատեսում. - «Ստեղծված իրավիճակում ընկերությունը անում է ամեն հնարավորը, որպեսզի նախօրոք պայմանագրով կնքված ծավալները համապատասխան ժամանակահատվածում մթերվեն։ Խոսքը, բնականաբար, մթերման շրջանի մասին է։ Ծավալների կրճատում այս պահին ընկերությունը չի նախատեսում։ Արտահանման նախկին ծավալներն անփոփոխ պահելու համար մեր ընկերության կոմերցիոն տնօրինությունը և ամբողջ թիմը այս պահին շարունակում են բանակցությունները միջազգային գործընկերների հետ»։

Թե ինչպես կվարվեն մյուս խոշոր մթերողները, առայժմ հայտնի չէ։ Շատերը հրաժարվում են մեկնաբանություններից՝ մատնացույց անելով անորոշ տնտեսական վիճակը։

Գյուղատնտեսական ոլորտը համակարգող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ազատության» եթերում երեկ չթաքցրեց՝ ռուբլու անկման պատճառով ակլոհոլ արտահանող հայկական ընկերությունների եկամուտները նվազելու են. - «Ռուսաստանի շուկան հիմա ազատվել ա բազմաթիվ եվրոպական և արևմտյան ապրանքներից, այդ թվում՝ ֆրանսիական կոնյակից, իտալական գինուց և այլն, և էդ ամեն ինչը ոնց որ թույլ ա տալի, որպեսզի հայկական արտադրողները ընդլայնեն իրենց շուկայի չափաբաժինը։ Գները պետք ա պայմանավորվել։ Իհարկե, ծավալները կավելանան, բայց եկամտաբերությունը կընկնի։ Էտ ա մեր կանխատեսումը էս տարվա համար»։

Նախարարը հայտնեց՝ մի շարք քայլեր են նախաձեռնել, որոնք ընկերություններին պետք է օգնեն աշնանը խաղողի մթերման ժամանակ անկաշկանդ լինել, դրանցից մեկը վարկային արտոնությունների տրամադրումն է։

XS
SM
MD
LG