«Ռուսաստանը հազարավոր հեռանկար ունեցող երիտասարդ մասնագետների է կորցնում, որոնց մի զգալի մասը գալիս է Հայաստան», - գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մասին օրերս հրապարակած ծավալուն ռեպորտաժում։
Երևան ժամանած թերթի թղթակից Ջեյն Արաֆը զրուցել է ինչպես Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների, այնպես էլ կառավարության ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է ազդում մարդկային այս անսպասելի ներհոսքը Հայաստանի վրա։
«Ռուս - ուկրաինական պատերազմից առաջ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ընդամենը 3-ից 4 հազար գրանցված ռուսաստանցի աշխատող կար։ Ռուսական ներխուժմանը հաջորդած երկու շաբաթների ընթացքում, սակայն, առնվազն նույնքան մարդ էր ժամանում ամեն օր։ Հազարավոր ռուսաստանցիներ Հայաստանից ուղևորվել են այլ երկրներ։ Նախորդ շաբաթ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների տրամադրած տվյալների համաձայն․ այդուհանդերձ, 20 հազար ռուսաստանցի մնացել է Հայաստանում», - գրում է ամերիկյան պարբերականը։
The New York Times-ի թղթակիցը զրուցել է Հայաստան ժամանած մի քանի տասնյակ ռուսաստանցիների հետ, որոնց մի մասը, ըստ թղթակցի, վախենում է հրապարակել ամբողջական անունը կամ աշխատանքի վայրը։
Նրանցից է, օրինակ, 29-ամյա Պոլինա Լոսևան, ով ասել է, թե աշխատում է տեղեկատվական ոլորտի ռուսական ընկերություններից մեկում, որի անվանումը հրապարակել չի ցանկացել։
«Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ նման պատերազմ կարող է բռնկվել։ Երբ այն սկսվեց, ես հասկացա, որ ավելի անվտանգ կլինի լքել երկիրը», - ամերիկյան թերթին ասել է ռուսաստանցի կինը։
The New York Times-ի թղթակիցը նաև նկատում է, որ ռուսաստանցիների մի մասը Երևան է տեղափոխվում սեփական նախաձեռնությամբ, ոմանց Հայաստան են տեղափոխում ՏՏ ոլորտի արևմտյան, այդ թվում` ամերիկյան ընկերությունները։
«Հայաստան ժամանող ռուսաստանցիներին միավորում է նաև այն հանգամանքը, որ նրանք կարող են աշխարհի ցանկացած կետից հեռավար աշխատել», - գրում է The New York Times- թղթակիցը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով էլ` Հայաստան ժամանած ռուսաստանցիների մեծամասնությունն աշխատում է տնտեսության այն ճյուղերում, որոնց համար առանցքային նշանակություն ունեն ինտերնետի անխափան հասանելիությունն ու միջազգային բանկային կապերը։ Հայաստան ժամանած ռուսաստանցի մասնագետներից ոմանք, ինչպես, օրինակ, The New York Times-ի հրապարակման հերոսներից Բուլատ Մուստաֆինն ու Վիկտորիա Պոյմենովան, մտադիր են հաստատվել հարևան Վրաստանում։
«Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ արդեն իսկ տեղափոխվել են Վրաստան և Թուրքիա։ Ամենամեղմ ընդունելությունը, սակայն, Հայաստանում է։ Նախկին խորհրդային այս հանրապետությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում չեզոք դիրք է գրավել։ Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում հարցված ռուսաստանցիներից և ոչ մեկը չասաց, թե այստեղ թշնամական վերաբերմունքի է բախվել», - գրում է The New York Times-ի հոդվածագիրը։