Մատչելիության հղումներ

Քաղաքագետը չի բացառում, որ Բրյուսելում հայտարարությամբ խաղաղության համաձայնագրի որոշ սկզբունքներ ֆիքսվեն


Չի բացառվում, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը հայտարարություն ստորագրվի, որում ֆիքսվեն նաև ապագա խաղաղության համաձայնագրի որոշ սկզբունքներ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Քաղաքագետի համոզմամբ, սակայն, եթե Հայաստանը ստորագրում է փաստաթուղթ որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, թեկուզ և հանուն ինչ-որ հիպոթետիկ մշակութային ինքնավարության դիմաց, ապա ակնհայտ է, որ դա էականորեն մեծացնելու է Արցախից հայերի հոսքը։

«Մեկ այլ բան է՝ փորձել Արցախը հետ բերել, եթե Արցախում կա հայ բնակչություն։ Վերջին հաշվով՝ 1921-ի հուլիսից մինչև 1988 թվականը ևս Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը Խորհրդային Ադրբեջանի մաս էր։ Ճիշտ է՝ Ադրբեջանն էլ անկախ պետություն չէր՝ ԽՍՀՄ մաս էր, բայց, ամեն դեպքում, սակայն այն հանգամանքը, որ 1988 թվականին Արցախում բնակչության մեծամասնությունը դեռևս հայեր էին, այսինքն՝ Ադրբեջանին չէր հաջողվել ամբողջովին փոխել ժողովրդագրական կերպարն Արցախի, դա մեզ հնարավորություն տվեց սկսելու պայքարի նոր փուլ», - ասաց Պողոսյանը։

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ պետք է մտածել, այս պահին, երբ Ուկրաինայում համաշխարհային նախապատերազմ է, ինչ ակնկալիք ունի Եվրոպան, ինչպիսի տեսք կուզենա ունենալ արցախյան ճակատում և ինչպիսի տեսք կուզենա արցախյան ճակատում ունենալ Ռուսաստանը։

Հայրապետյանի համոզմամբ՝ Ռուսաստանին ավելորդ գլխացավանք պետք չէ, որովհետև ռեսուրսները սպառված են, հետևաբար կուզենա, որ գոնե ժամանակավոր դադար լինի էստեղ, ինչպես, որ 1918-ից 20 թվականներն ընկալեց որպես ժամանակավոր դադար։ Իսկ Արևմուտքի հարցում, Պահպանողական կուսակցության նախագահը մի փոքր թերահավատ է։

«Որպես հումանիստներ և հումանիստական գաղափարախոսության դրոշակակիրներ, արևմուտքցիները, բնականաբար, կուզենան, որ այստեղ խաղաղ լինի, բայց Արևմուտքին օդուջրի պես ահրաժեշտ է ամեն տեղից խփել Ռուսաստանին՝ հնարավորինս շուտ և հնարավորինս շատ թուլացնելու համար։ Արդյոք կկամենա՞ն այդ տեղերից մեկը դարձնել Հայաստանը՝ արցախյան ճակատը, թե՞ ոչ, վստահաբար չեմ կարող ասել։ Տա Աստված, որ նրանց մեջ հումանիզմն ավելի գերակշռի, քան պրակտիկ օրվա շահի գիտակցումը», - եզրափակեց Պահպանողական կուսակցության ղեկավարը։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ապրիլի 6-ին, Բրյուսելում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Առաջնորդները կգնահատեն այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել իրենց վերջին հանդիպումից հետո, և կքննարկեն հետագա ուղիները՝ հասնելու անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների։ Նշվում է, որ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես հաղորդակցության հարցը։

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ բանակցել էին մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումն անցել էր հեռավար ձևաչափով. ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների և հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր ևս 8 հայ գերիների։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG