Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորներին հաջողվել է երեկ Բրյուսելում համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ կողմերի միջև ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո։
Ամփոփելով կեսգիշերն անց ավարտված հանդիպումը՝ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պնդել է՝ հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց և անկեղծ։
«Մենք ցույց տվեցինք, որ ուղիղ բանակցությունները օգտակար են և անհրաժեշտ՝ նույնիսկ բարդ թեմաների շուրջ: Իհարկե, կան բարդ հարցեր, բարդ թեմաներ, սակայն առաջին քայլերը, եթե մենք ուզում ենք հասնել առաջընթացի, դա, անշուշտ, միմիանց լսելն է, հասկանալն է՝ ինչ տարբեր կարծիքներ, տեսակետներ կան, երբեմն հստակեցնել տարբեր փաստարկները», - ասել է Շառլ Միշելը:
Տարաձայնությունների մասին կողմերը հրապարակավ խոսել էին հանդիպումից անմիջապես առաջ։ Ադրբեջանի նախագահը, պատասխանելով «Ազատության» հարցին հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման՝ առանց մաքսակետերի։ «Դա նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ», պնդել էր Իլհամ Ալիևը։
«Եռակողմ հայտարարությունում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելով ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի վերահսկումը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները», - ասել էր Ալիևը։
Փաշինյանը քիչ անց հակադարձել էր, թե այդ զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար, պնդել, թե դրանք որևէ աղերս չունեն մինչ օրս եղած քննարկումների հետ, և որ դրանցով Բաքուն փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
Երեկվա բանակցություններից հետո, սակայն, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով այս հարցին դեռ չեն անդրադարձել։ Եվրոպական խորհրդի ղեկավարը միայն նշել է, որ կողմերը միմյանց ներկայացրել ու հստակեցրել են իրենց պահանջները։
Չի հստակեցվում, թե երբ է երկաթուղային կապը գործարկվելու
«Երկաթուղիների մասով կա համաձայնություն՝ սահմանային ու մաքսային հսկողությունը փոխադարձության սկզբունքով իրականացնելու շուրջ։ Հաջորդ հարցը վերաբերում է ավտոմոբիլային մայրուղիներին և դրանց ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են՝ հաղորդակցությունը բարելավվելու համար։ Նրանք (Փաշինյանն ու Ալիևը) հստակեցրել են այն թեմաները, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթցքում», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Շառլ Միշելը չի հստակեցրել՝ երբ է երկաթուղային կապը գործարկվելու: Ավելի վաղ՝ հունիսին, Ալիևը նախապայման էր դրել, թե բոլոր ճանապարհները` երկաթուղայինն ու ավտոմոբիլայինը, պետք է բացվեն միաժամանակ։ Եվրոպական կողմը չի նշում՝ արդյոք Բաքուն պատրաստ է հրաժարվել այս նախապայմանից։ Փոխարենը Միշելը մի քանի անգամ ընդգծել է՝ կարևոր է, որ կողմերը պատրաստ են և սկսել են միմյանց հետ ուղիղ հաղորդակցվել։
Շառլ Միշելը դեմ առ դեմ է թողել Փաշինյանին և Ալիևին
Երեկ տևած երկարատև հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավարը որոշ ժամանակով դուրս էր եկել սենյակից՝ դեմ առ դեմ թողնելով Փաշինյանին և Ալիևին։
«Միշտ կարևոր է զրուցել ուղիղ։ Հայտարարությունները, որոնք արվում են մամուլի համար, անշուշտ կարևոր են։ Բայց շատ կարևոր է նաև խոսել ուղիղ: Ես համոզված եմ, որ նման անձնական հանդիպումները հսկայական բան են ավելացնում։ Համոզված եմ, որ, օրինակ, Սոչիի հանդիպումը, այս հանդիպումը առիթ կլինի, որպեսզի մոտ ապագայում այլ ուղիղ շփումներ լինեն երկու առաջնորդների միջև, ինչը շատ օգտակար է», - ասել է Շառլ Միշելը:
Որպես ուղիղ կապի հաջողված արդյունք՝ Միշելը մատնանշել է իր միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված կապը, պնդելով, թե դա հնարավորություն է ստեղծում կանխել հնարավոր միջադեպերը կամ՝ կառավարել դրանք։
Եվրոպական խորհրդի ղեկավարը, սակայն, չի խոսել այդ պայմանավորվածությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից, որոնց հետևանքով երկու կողմում էլ զինվորներ զոհվեցին ու վիրավորվեցին։
Միշելը կոչ է արել Երևանին և Բաքվին բարեխղճորեն աշխատել սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ
Չնայած Երևանի հորդորներին, թե միջազգային համայնքը պետք է հասցեական դատապարտի ադրբեջանական ուժերի ներխուժումը Հայաստանի տարածք, նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին ակտիվ և բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ:
«Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է», - ասվում է հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, նշվում է նաև, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն խորհրդատվական խումբ կհատկացնի՝ տեխնիկական աջակցություն տրամադրելով երկու երկրներին: Ընդ որում, խոսելով հանձնառության մասին, Շառլ Միշելն ընդգծում էր, որ Եվրամիությունն ուզում է ոչ թե միանձնյա դեր ստանձնել, այլ՝ աշխատել մյուս գործընկերների, այդ թվում՝ Մինսկի խմբի հետ։
«Մենք նաև պատրաստ ենք միասնաբար աջակցել այլ դերակատարների բոլոր դրական ջանքերին: Մենք մշտապես աջակցել ենք Մինսկի խմբին և աջակցում ենք բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են՝ կայունության և անվտանգության անմրապնդման ուղղությամբ առաջընթացի հասնելու համար», - հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:
Մարդասիրական հարցերի, այդ թվում՝ գերիների ազատ արձակման մասով երեկվա բանակցություններից հետո որևէ համաձայնության մասին չի հաղորդվել։ Եվրոպական խորհրդի ղեկավարը միայն հորդորել է առաջ շարժվել՝ ողջունելով տասը հայ բանտարկյալներին ազատ արձակելու՝ Ադրբեջանի վերջին որոշումը։ Դատելով եվրոպական կողմի հայտարարությունից՝ Հայաստանը դրա դիմաց Բաքվին է տրամադրել ականապատ դաշտերի մնացած բոլոր քարտեզները։