Մատչելիության հղումներ

Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում․ Ալիև


Իլհամ Ալիևը պնդում է՝ Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում: Այս մասին նա խոսել է իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում:

Զրույցը տեղի է ունեցել Բրյուսելում՝ դեկտեմբերի 14-ին` Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից առաջ։

Հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, թե Փաշինյանին ու Ալիևին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։

«Անցած ամիսներին Հայաստանը դեմ էր ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, բայց հիմա մեզ հաջողվեց համոզել դրա անխուսափելիության հարցում, և նրանք համաձայնեցին։ Այսպիսով, կա համաձայնություն. ներկայումս մենք քննարկում ենք այդ միջանցքների՝ Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը, որը Ադրբեջանից հասնում է Հայաստան, իսկ այնտեղից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Իսպանական պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում Ալիևը վերստին պնդել է՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկմանը վերադարձ չկա։

«Ադրբեջանի դիրքորոշումը ավելի քան բաց և հստակ է․ մենք խաղաղություն ենք ուզում, այլ ոչ թե պատերազմ։ Մենք հաղթել ենք պատերազմում, մենք հաղթող ենք և այդ իրականությունը պետք է հաշվի առնվի։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Լեռնային Ղարաբաղի տխրահռչակ կարգավիճակի կամ նման այլ բանի հետ կապված որևէ քննարկման վերադարձ չկա։ Մենք ինքներս ենք դա որոշել ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։

«Նրանք պետք է աշխատեն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և 21-րդ դարին վայել նորմալ վարքագիծ ունենան։ Ամեն դեպքում, մենք հարևաններ ենք, և մեզանից ոչ ոք այլ մոլորակ չի տեղափոխվի։ Ուստի հարաբերությունները, այդ թվում՝ ժողովուրդների շփումները կարգավորելու համար, պետք է աստիճանաբար, քայլ առ քայլ հիմք պատրաստել, սովորել ապրել կողք-կողքի։ Մենք բաց խոսեցինք, որ պատրաստ ենք սրան։ Սակայն, Հայաստանից ոչ մի դրական ազդանշան չենք ստացել», - ասել է Իլհամ Ալիևը՝ չհստակեցնելով սակայն, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունն իր ժողովրդին նախապատրաստում խաղաղության։

Նրա համոզմամբ, Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի զարգացման միակ ճանապարհը։

«Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին»

Խոսելով ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին՝ նա հերթական անգամ խուսափել է հստակ թիվ նշել, փոխարենը մտավախություն է հայտնել , թե հայ գերիներին Հայաստան վերադարձնելով, նրանց հայրենիքում կարող են խոշտանգումների ենթարկել բանտերում:

«Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այդ մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը ։ Նրա խոսքով՝ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ավելի քան հարյուր զինվորականների, որոնք, Ալիևի խոսքով, հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների դեմ։

«Այստեղ որևէ գաղտնիք չկա։ Ցանկը հայտնի է, միջազգային կազմակերպությունները և հայերը գիտեն այդ մասին։ Օրինակ՝ նոյեմբերի կեսերից ավելի քան 30 հայաստանցի զինվորականներ ձերբակալվել են ռազմական սադրանքի ընթացքում։ Նրանցից մեկը վիրավոր էր, և մեր բժիշկները խնամել են նրան, նրան վիրահատել են, և հենց նա ապաքինվել է, մենք նրան վերադարձրել ենք», - պատմել է Ադրբեջանի նախագահը՝ շարունակելով․ - «Այդ խմբի ևս տասը անդամներ Երևան են վերադարձվել և նրանցից շատերը ձերբակալվել են Երևանում»։

Ալիևը նշել է, որ հայաստանցի զինվորականները, որոնք հանցագործություն են իրականացրել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, կանգնել են դատարանի առաջ և դատապարտվել. - «Այսպիսով, որևէ միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ ձերբակալվածներից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG